Հայ-ադրբեջանական բանակցությունները մտնում են փակուղի. Միջազգային ճգնաժամային խումբ

Մանրամասներ
ա

Միջազգային ճգնաժամային խումբը ներկայացրել է 2023թ. աշխարհում ռազմական 10 հակամարտությունները, որոնց պետք է ուշադիր լինել` նկատի ունենալով նոր բռնկումների հավանականությունը։ Այս մասին հայտնում է Radar.am-ը: Հայ-ադրբեջանական հակամարտությունը հայտնվել է 2-րդ հորիզոնականում։

Վերլուծության մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից 2 տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես գնում են հնարավոր նոր առճակատման։

Նշված է, որ Ռուսաստանի խնդիրները Ուկրաինայում խափանել են Կովկասում նախնական հաշվարկները։ Ըստ զեկույցի` նոր պատերազմը կլինի ավելի կարճ, սակայն ոչ պակաս դրամատիկ, քան 44-օրյան էր։

Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի՝ 44-օրյա պատերազմից ի վեր տարածաշրջանում և հայ-ադրբեջանական հակամարտությունում հավասարակշռությունն էլ ավելի է փոխվել հօգուտ Ադրբեջանի։

«Հայկական բանակը չի համալրել իր զորքերը կամ սպառազինությունը, քանի որ Ռուսաստանը՝ զենքի ավանդական մատակարարը, մատակարարման պակաս ունի։ Ադրբեջանը, ընդհակառակը, թափ է հավաքել։

Ադրբեջանի բանակը մի քանի անգամ գերազանցում է հայկականին, շատ ավելի լավ է հագեցած տեխնիկապես և վայելում է Թուրքիայի աջակցությունը։

Ադրբեջանական գազի նկատմամբ Եվրոպայի մեծ պահանջարկը նույնպես համարձակություն է տվել Բաքվին»։

«2020թ. հրադադարի համաձայնագրի շրջանակներում ռուս խաղաղապահներ են տեղակայվել Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որոնք դեռ հայերով են բնակեցված։ Ռուսաստանն ուժեղացրել է իր սահմանապահներին և զինծառայողներին հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածների երկայնքով, որոնք պատերազմից հետո դարձել են ռազմաճակատի նոր գծեր։

Գաղափարն այն էր, որ զորախմբերը, թեև փոքր են, բայց զսպելու են հարձակումները, քանի որ Բաքուն զգուշանալու է Մոսկվային «կծելուց», – ասված է հրապարակման մեջ։

Միջազգային ճգնաժամային խումբը ամփոփում է. «…Արդյունքում՝ շրջանառության մեջ են գտնվում երկու համաձայնագրի նախագիծ։ Մեկը պատրաստվել Է Ռուսաստանի կողմից, իսկ մյուսը Հայաստանն ու Ադրբեջանը մշակել են փոխադարձ Արևմուտքի աջակցությամբ։ Յուրաքանչյուր նախագիծ վերաբերում է տնտեսությանն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը։ Ընդ որում Լեռնային Ղարաբաղում հայերի ճակատագիրը մնում է առանձին և դեռևս չորոշարկված գործընթացի հայեցողությանը: Արևմուտքի կողմից աջակցվող տարբերակը, հավանաբար, ավելի հեռանկարային է, մասամբ այն պատճառով, որ այն «ի տեղի է ստեղծված», չնայած անհասկանալի է, թե ինչպես կարձագանքի Մոսկվան, եթե կողմերը համաձայնության գան: Երկու կողմերն էլ, այնուամենայնիվ, հեռու են ընդհանուր հայտարարից:

Բաքուն իր ձեռքում ունի բոլոր խաղաքարտերը, և գործարքից ավելի շատ կշահի, հատկապես առևտրի և արտաքին հարաբերությունների տեսանկյունից, քան ռազմական առումով։

Վտանգն այն է, որ բանակցությունները ոչնչի չեն հանգեցնի կամ հերթական բախումը կտապալի այդ տարբերակները, և Ադրբեջանը ուժով կվերցնի այն ինչ կարող է», – ամփոփել է խումբը: