Print this page

Թե ինչպես Դեմիրճյանը չվախեցավ Բրեժնևից և փրկեց «Քարահունջ» օղին

By Հունիսի 29, 2025 25

Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է ԽՍՀՄ-ում հակաալկոհոլային արշավի ժամանակների հիշողությունները և զուգահեռներ է անցկացնում նորագույն պատմության իրադարձությունների հետ։

Կարո՞ղ է արդյոք մերօրյա Հայաստանում որևէ բարձրաստիճան անձ «ոչ» ասել երկրի ղեկավարին կամ գոնե կասկած հայտնել կայացվող այս կամ այն որոշման վերաբերյալ: Չի կարող։

Հայաստան, ութսունականների վերջ: Սյունեցիները և, առաջին հերթին, Քարահունջ գյուղի բնակիչները շփոթված ու հուսահատված են։ Շրջանի ղեկավարների դռների մոտ մարդիկ են հավաքված, թթենիների բներին սև ժապավեններ են կապված։ Ի՞նչ առիթով է սուգը:

Գորբաչովը «չոր օրենք» է հայտարարել, կացիններն արդեն իջել են Մոլդովայի, Կովկասի, Ղրիմի հռչակավոր խաղողի այգիների վրա, օր-օրի հրամանի են սպասում Սյունիքի հազարավոր տնային տնտեսություններին հիմնական եկամուտ բերող ծառերը՝ թթենին հատելու մասին։ Տարիներով, տասնամյակներ, սերնդեսերունդ այդ ծառի պտուղներից են քաշել հայտնի թթի օղին, և հանկարծ՝ չի կարելի: Նույնն է, ինչ օրը ցերեկով դնես ու արգելես բանանը Աֆրիկայում կամ Մարոկկոյում նարինջը օրենքից դուրս հայտարարես: Կստացվի՞։ Երբեք։ Չստացվեց նաև ԽՍՀՄ-ում։

Ամբողջական պատկերի համար․ քչերն են հիշում, որ Գորբաչովն առաջինը չէր, որ «չոր օրենք» հայտարարեց ԽՍՀՄ-ում։ Հակաալկոհոլային արշավների երկրի քաղաքացիները բախվել էին 1929-ին, 1958-ին, 1972-ին, էլ չասած, որ զանգվածային հարբեցողության դեմ պայքարի առաջին փորձերը դեռ Նիկոլայ 2-րդ ցարն էր ձեռնարկել։ Սակայն ութսունականների արշավն իր ընդարձակությամբ և հիմարությամբ գերազանցեց նախորդներին։

Ով այն տարիներին ապրել է ԽՍՀՄ-ում, հիշում է․ ամբողջ հսկայական երկրում գրեթե ակնթարթորեն և քաղաքացիների համար անսպասելիորեն դադարեցին գոյություն ունենալ ալկոհոլ վաճառող խանութների ավելի քան երկու երրորդը։ Ալկոհոլ կարելի էր գնել միայն ժամը 14:00-ից մինչև 19:00-ն, և, կարծեմ, մի հոգուն երկու շշից ոչ ավելի։

Այդ տարիներին Հայաստանում ապրողները զարմանքով անբացատրելի մի բան էին նկատում․ ժամանակն ընթանում էր, օրենքը՝ խստանում, իսկ խաղողի այգիները չգիտես ինչու անձեռնմխելի էին մնում (ոչ միայն Արարատյան դաշտում), իսկ թթենիների բներից սկսեցին անհետանալ սգո ժապավենները (կրկին՝ ոչ միայն Սյունիքի մարզում)։ Ինչպե՞ս, ինչո՞ւ, ի՞նչ ձևով:

Այստեղից անցնենք գլխավորին։ Կարո՞ղ է արդյոք մերօրյա Հայաստանում որևէ բարձրաստիճան անձ «ոչ» ասել երկրի ղեկավարին կամ գոնե կասկած հայտնել կայացվող այս կամ այն որոշման վերաբերյալ: Չի կարող։ Այն ամենը, ինչ ասում է, այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, նրա շրջապատն ընդունում է ջերմորեն, հավանություն է տալիս միաձայն, ճանաչում է միակ ճշմարտություն։ Ինչպես Լենինի ուսմունքը կոմունիստների օրոք: Հարցն այն չէ, որ ցուցադրաբար առարկելով՝ սեփական կարծիքը պաշտպանող ընդդիմախոսի դիրք բռնեն, այլ հանուն գործի, որը սխալ է գնում և սխալ բանի է հանգեցնելու։

Գրասեղան - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2024

Իրավիճակը, երբ ստորադասները անծպտուն հնազանդվում են վերադասին, Փաշինյանի հորինածը չէ. այդպես եղել է, շատ երկրներում այսօր էլ այդպես է, բայց թե ինչի է դա հանգեցնում, նույնպես գաղտնիք չէ:

Այստեղ ես վերադառնում եմ որթատունկին ու թթենուն․ այսպես ավելի հեշտ է բացատրել, թե ով ում բարեկամն է մեր պատմության մեջ:

Եթե խոսում ենք ամենա-ամենային չհնազանդվելու կամ չլսելու մասին, ապա Նիկոլ Փաշինյանն իր նախարարներով Լեոնիդ Բրեժնևից դեռ շատ է հեռու։ Մի քայլ աջ, մի քայլ ձախ՝ պաշտոնից զրկում էին։ Եվ այնուամենայնիվ․․․

Հայաստանի առաջին դեմքը, տվյալ դեպքում՝ Կարեն Դեմիրճյանը, համարձակվեց չհնազանդվել քաղբյուրոյի ամենազոր տիրակալին, ստանձնեց հիմարությանը չենթարկվելու պատասխանատվությունը և թույլ չտվեց, որ խավարամիտների ձեռքերը հասնեն Հայաստանի խաղողին։ Ի դեպ, նկատենք, որ հանրապետության այն ժամանակվա պետական զինանշանը, բացի մեծ ու փոքր Արարատի (ներկայիս իշխանության օրոք անհետացման վտանգի տակ հայտնված) պատկերից, զարդարում էր հենց խաղողի թուփը ՝ որթատունկով ու տերևներով։ Այսպիսով, խաղողի այգիների պաշտպանությունն ինչ-որ իմաստով հատվում էր հայոց պետականության պաշտպանության հետ։

Ինչ վերաբերում է գինիներին․ խորհրդային կառավարությունը նախատեսում էր աստիճանաբար կրճատել դրանց արտադրությունը և 2000-ականների սկզբին ամբողջովին վերջ տալ գինեգործությանը: Եթե նման բան լիներ, այսօր ոչ մենք, ոչ Հայաստանի հյուրերը, ոչ գինու սիրահարները չէինք տեսնի ո՛չ «Արենի»-ն, ո՛չ «Կարասը», ո՛չ «Կատարը», էլ չենք խոսում կոնյակների մասին։

Ինչևէ, ԽՍՀՄ միանձնյա առաջնորդի հետ բացեիբաց առճակատման մեջ չմտնելով՝ Կարեն Դեմիրճյանը նրան չհնազանդվելու ռիսկին դիմեց և իր ձևով վարվեց։ Առանց աղմուկ բարձրացնելու, ներքին հրաման տվեց՝ առանձնապես ջերմեռանդություն չցուցաբերել և Հայաստանի տնտեսության ավանդական ճյուղերը հանգիստ թողնել։

Արդյո՞ք Դեմիրճյանը կարող էր դրա համար իր պաշտոնով վճարել։ Հեշտ ու հանգիստ։ Ընդ որում, հենց այդ օրերին Հայաստան էր ժամանել պարտիայի երկրորդ դեմքը, «կանաչ օձի» դեմ պայքարի ջատագով Եգոր Լիգաչևը, և իշխանությունների առաջ բարդ հարց էր դրված․ բարձրաստիճան հյուրի երթուղին այնպես գծել, որպեսզի նա չհատվի Երևանի մուտքի մոտ գտնվող կոնյակի գործարանի և Երևանի ելքի մոտ կանգնած շամպայնի գործարանի հետ, էլ չասած բազմաթիվ ռեստորանները, որտեղ կոնյակը մատուցում էին թեյի քողի տակ՝ համապատասխան բաժակներով, իսկ օղին հանքային ջրի շշերն էին լցնում։

Հատկանշական է, որ Հայաստանում ինչպես հակաալկոհոլային արշավից առաջ, այնպես էլ դրա ընթացքում գրեթե չկային հարբեցողներ, ինչպես նաև չկային սթափարաններ՝ «հաճախորդների» բացակայության պատճառով։ Հակաալկոհոլային արշավը սկսելուց հետո այդպիսի սթափարաններ ստիպված եղան շտապ կարգով բացել։ Սակայն նման հաստատություններ պահելը Հայաստանի վրա շատ թանկ էր նստում, և ներքին գործերի նախարար Եվգենի Պատալովը (կրկին ռիսկի դիմելով) սկսեց աննկատ փակել դրանք։

Այսինքն՝ Դեմիրճյանը չվախեցավ Բրեժնևից, Պատալովը՝ Մոսկվայի իր վերադասից՝ գեներալ Շչելոկովից և յուրաքանչյուրը, այս կամ այն կերպ, կարողացավ այնպես դասավորել, որ «և գառները ողջ լինեն, և գայլերը՝ կուշտ»։ Բայց դրա համար բարձրաստիճան ղեկավարներին ոչ միայն համարձակություն, այլև ուղեղ է պետք։

Rate this item
(0 votes)

Latest from Live24