Print this page

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

By Հունիսի 15, 2025 56

Կարիբյան ծովի հատակին հայտնաբերվել է խորտակված նավ, որում գտել են ոսկու, արծաթի և գոհարների շտեմարան՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգ (21 միլիարդ դոլար) արժողությամբ։ Այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը։

Իսպանական «Սան Խոսե» նավի գանձերը, թվում էր, մեկընդմիշտ կորել էին 1708 թվականին նավի խորտակումից հետո:

Բրիտանական թագավորական նավատորմի սպա Չարլզ Վեյջերի կողմից ղեկավարվող ջոկատը կանգնեցրել էր գանձերով լի նավը Կոլումբիայի Կարտախենա քաղաքից ոչ հեռու գտնվող Բարու կղզու մոտ և հարձակում սկսել, սակայն պայթյունների պատճառով նավն ընկղմվել էր ծովի հատակը: 

Գանձը Պերուից տեղափոխվում էր Իսպանիա՝ ֆինանսավորելու իսպանական ժառանգության համար պատերազմը Բրիտանիայի և նրա դաշնակիցների դեմ:

«Սան Խոսե»-ում հայտնաբերված, ներկայիս փոխարժեքով 16 միլիարդ ֆունտ ստեռլինգ գնահատվող գանձերը ներառում են ոսկե և արծաթե մետաղադրամներ, մարգարիտներ, զմրուխտներ և այլ թանկարժեք քարեր։

Բարու կղզու մոտ՝ ծովի հատակին, նավը հայտնաբերվել է 2015 թվականին։ Ըստ Կոլումբիայի մասնագետների՝ այն հենց «Սան Խոսե»-ն է։ Ստորջրյա դրոնների միջոցով նրանք լուսանկարել են նավի վրա և դրա շուրջը գտնվող բեռը։

Պատկերների վերլուծությամբ պարզվել է, որ նավում կան արծաթե մետաղադրամներ, որոնք հատվել են 1707 թվականին, Լիմայի դրամահատարանի հարգադրոշմով։ Մյուս գտածոները ներառում են չինական ճենապակյա իրեր՝ Կանսի կայսեր ղեկավարման ժամանակաշրջանից (1662-1722 թթ.) և թնդանոթների վրա արված գրություններ, որոնք թվագրվում էին 1665 թվականին։

Նավի բեկորների սեփականության պահանջներ են ներկայացրել Կոլումբիան, Իսպանիան, Պերուն, տարածքի բնիկները, Glocca Morra գանձեր որոնող ընկերությունը, որը պնդում է, որ հայտնաբերել է խորտակված նավը դեռևս 1981 թվականին:

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 15 Հունիսի 2025 22:04

Latest from Live24