Ռուսական կողմը մշտապես հանդես է գալիս երկու հարևան պետությունների շուտափույթ հաշտեցման օգտին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։
«Կարծում եմ, որ Դուք հիշում եք, թե քանի անգամ է մեր երկիրը և անձամբ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մասնակցել այդ թեմային նվիրված միջազգային հանդիպումներին։
Պատահական չէ, որ վերջին տարիների ընթացքում՝ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։ Մենք Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորումը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասում երկարատև խաղաղության վերականգնման և կայուն զարգացման ապահովման նախապայման», - նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է այս ուղղությամբ շարունակել աջակցել իր հայ և թուրք գործընկերների ջանքերին, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում։
«Հիշեցնեմ, որ այնտեղ մտնում են Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Հուսով ենք, որ Անկարայի և Երևանի միջև պայմանավորվածությունների մշակման ժամանակ պատշաճ կերպով հաշվի կառնվեն իրողությունները և Հարավային Կովկասի հարևանների երկարաժամկետ շահերը։ Դրա համար կարևոր է բացառել ոչ տարածաշրջանային խաղացողների կործանարար միջամտությունը և առանց այդ էլ բարդ բանակցային գործընթացը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։