Print this page

ԵՄ–ն կկարողանա՞ ապահովել ՀՀ անվտանգությունը. փորձագետ

By Հունիսի 30, 2025 73

Պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը կրում է և դեռ երկար կկրի դեկլարատիվ, սահմանափակ բնույթ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը։

Давид Арутюнов - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2025

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Երևանում եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հանդիպումից հետո հայտնեց, որ Երևանն ու Բրյուսելը տվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում խորհրդակցությունների մեկնարկը: Միրզոյանն այն անվանեց «վճռական քայլ» երկկողմ համագործակցությունը ժամանակակից մարտահրավերներին հարմարեցնելու ուղղությամբ։

Հարությունովի խոսքով՝ դժվար է ասել, թե կոնկրետ ինչ ոլորտներ կընդգրկի այդ համագործակցությունը և ինչ նախագծեր կիրականացվեն։ Աջակցության ինչ-որ ծրագրեր նախկինում իրականացվել են, ինչպես, օրինակ, զինվորական վրաններ գնելու համար 10 մլն եվրոյի հատկացումը։ Այսպիսով, համագործակցությունն ընդգրկում էր հիմնականում հումանիտար ասպեկտները:

Նման սահմանափակման պատճառները մի քանիսն են. Եվրամիությունը լուրջ ռազմատեխնիկական մատակարարումների համար չունի անհրաժեշտ ռեսուրսներ։ Առկա միջոցները հիմնականում ուղղվում են ԵՄ անդամ երկրների ազգային բանակների ամրապնդմանն ու հզորացմանը և Ուկրաինային օգնելուն։ Բայց տեսականորեն, իհարկե, ապագայում համագործակցությունը կարող է որակապես փոխվել։ Օրինակ, հնարավոր են ռազմական պատրաստության ծրագրեր։ Բացի այդ, հայկական կողմն ավելի շատ շեշտը դնում է ԵՄ առանձին երկրների, օրինակ՝ Ֆրանսիայի հետ երկկողմ համագործակցության վրա։

«Կարծում եմ, որ պաշտպանական համագործակցության երկկողմ ձևաչափը կպահպանվի, իսկ Հայաստան-ԵՄ ձևաչափով փոխգործակցությունը կկրի ավելի շատ դեկլարատիվ, սահմանափակ բնույթ», - հավելեց Հարությունովը:

Երկկողմ խորհրդակցությունները պարունակում են նաև քաղաքական բաղադրիչ. Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի ֆոնին Հայաստանը կարող է փորձել ստանալ Բրյուսելի քաղաքական աջակցությունը։ Սակայն այստեղ էլ, մեր զրուցակցի խոսքով, դժվար թե ԵՄ-ն կարողանա Հայաստանին ինչ-որ լուրջ բան առաջարկել բացի այն, ինչ արդեն կա, այն է՝ սահմանին դիտորդական առաքելության ներկայությունը։

Իրական հնարավորությունների բացակայությունից բացի, Հայաստանի համար Ադրբեջանի հետ հակամարտություն ներքաշվելու ցանկություն նույնպես Եվրամիությունն առանձնապես չունի։ Անկարայի աճող դերը հաշվի առնելով` Բրյուսելը չի ցանկանա խնդիրներ ունենալ Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշնակից Թուրքիայի հետ։

«Հայաստանն իհարկե կցանկանար պաշտպանական ոլորտում ԵՄ-ի հետ հարաբերություններն օգտագործել որպես Ադրբեջանի վրա ազդելու լծակ, բայց այստեղ առանձնահատուկ տարբերակներ չկան... ԵՄ-ում, ինչպես գիտենք, կան երկրներ, որոնք բավական մոտ են Ադրբեջանին։ Դժվար չէ կռահել, որ դրանք ամեն կերպ կխանգարեն Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը», - կարծում է քաղաքագետը։

Նրա խոսքով` Եվրամիությունը ռազմական առումով դեռևս ինքնաբավ միավոր չէ։ Ռազմական ոլորտում ակտիվ խաղացող դառնալու համար ԵՄ-ն պետք է անցնի որոշակի էվոլյուցիա, ստեղծի միասնական ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական հենք։ Այս ամենը դեռևս քննարկումների մակարդակում է, և դեռևս հայտնի չէ, թե երբ պետք է սպասել այդ կառույցի՝ որպես ռազմական և ռազմաքաղաքական միասնական տարրի ձևավորմանը։

2024 թվականի հուլիսին ԵՄ-ն «Խաղաղության եվրոպական հիմնադրամից» արդեն 10 մլն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանին՝ գումարտակի համար նախատեսված վրանային ճամբարի համար։ Նախատեսվում էր այս տարում հատկացնել ևս 20 մլն հատկացնել, սակայն Հունգարիան արգելափակել է որոշումը՝ պահանջելով նմանատիպ գումար հատկացնել նաև Ադրբեջանին։ Այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։

Rate this item
(0 votes)

Latest from Live24