Ներընդդիմադիր «դիսկուրսին» եմ հետևում ու ապշում. պարզվում է Երկրորդ Նախագահի կողմնակիցները մեղադրում են Երրորդ Նախագահի կողմնակիցներին Հովիկ Աղազարյանի ու էն մյուսի՝ իմպիչմենտի ենթադրյալ նախաձեռնությանը ուշ միանալու համար։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ասում են՝ Միքայել Սրբազանը հրաժարվեց, նոր դուք ասեցիք, որ պատրաստ եք միանալ։ Ու այդ մեղադրողներին չի հուզում այն փաստերը, որ.
- «Պատիվ Ունեմ» խմբակցությունը դեռ հունիսի 7-ից է սպասում «Հայաստան»-ի գործընկերներին, որպեսզի միանան իմպիչմենտի իրենց նախաձեռնությանը։ Հիմա պարզվում է՝ երեք շաբաթ ոչինչ չարած ֆրակցիան ակնկալում էր, որ մյուսը կես ժամում մի կողմ դներ իր նախաձեռնությունը և միանար նոր «նախաձեռնությանը»։
- Միքայել Սրբազանի՝ վարչապետի թեկնածուի լինելու առաջարկից հրաժարվելու ու հանրապետականների՝ «նախաձեռնությանը» միանալու պատրաստակամության մասին երկու հայտարարություններ գրեթե միաժամանակ են տարածվել։ Կոնկրետ ես մի քանի րոպե տարբերությամբ եմ տեսել։ Բայց նաև տեղյակ եմ, որ «Հայաստան» դաշինքի շատ ներկայացուցիչներ նախապես գիտեին, թե ինչ է լինելու «ՊՈՒ» պատասխանը՚
- Միքայել Սրբազանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթացը նախօրեին չէր էլ մեկնարկել։ Դրա համար անհրաժեշտ հիմնավորումը փաստաթղթի տեսք չուներ, ձևաթղթի տակ չկային Հովիկ Աղազարյանի ու էն մյուսի ստորագրությունները։ Ինչի՞ տակ պետք է ստորագրեին «ՊՈՒ» պատգամավորները։ Ինչի՞ տակ են ստորագրել «Հայաստան»-ի պատգամավորները։
Էլ չեմ խոսում այն մասին, որ իմպիչմենտի գործընթացն ամիսներով առկախած ուժը, ով ինչ ուզում է թող ասի, բայց իմ խորին համոզմամբ ընդդիմադիր դաշտում իրապես մեծ աշխատանք տարած ուժը երեկ փաստորեն դարձավ Էդմոն Մարուքյանի, Հովիկ Աղազարյանի ու էն մյուսի կցորդ…
Ու այդքանից հետո որևէ մեկի լեզուն պտտվում է Երրորդ Նախագահի թիմակիցներին «փրփուրներից կախվելու» մեջ մեղադրե՞լ։ Ամոթ չի բա սա։
ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների շարքերում շատ ընկերներ ունեմ։ Գիտեմ՝ գրածս կկարդան ու շատ հուսով եմ, որ ինձ ճիշտ կհասկանան։ Իսկապես հուսով եմ։ Ընկերներ, խնդրում եմ՝ ամեն ինչ արեք, էս հիմար դիսկուրսի վերջը թող տրվի։ Եթե իսկապես համոզված եք, որ Միքայել Սրբազանը վարչապետի լավ թեկնածու է, փորձեք համոզել նրան, թող մտնի այդ բեռի տակ։ Վստահ եմ՝ «ՊՈՒ»-ն ետ չի կանգնի և, անպայման կստորագրի նրա թեկնածության համար։ Բայց եթե դա հնարավոր չէ, ուրեմն խնդրում եմ՝ մի կողմ թողեք ներքին անհամաձայնություններն ու միացեք արդեն իսկ մեկնարկած իմպիչմենտի գործընթացին։ Սա շատ արագ է պետք անել։ Ժամանակ չկա։ Հերթով բոլորին տանելու են։ Ավիրելու։ Ոչինչ չի մնալու։ Ոչինչ…
Եկեք ավելի բաց խոսեմ (հուսով եմ՝ կներեք, որ հանրային եմ դիմում)։ Ես էլ, դուք էլ, Սերժ Սարգսյանի թիմակիցներն էլ ու նույնիսկ Դավիթ Համբարձումյանն էլ գիտենք, որ լավ օրից չէ, որ այսօր հենց Մասիսի քաղաքապետն է դարձել վարչապետի թեկնածու։ Այո, նա քաղաքական դեմք չէ (համենայն դեպս հանրային ընկալումներում)։ Բայց՝ ես էլ, դուք էլ ու Դավիթ Համբարձումյանն էլ լավ գիտենք, որ իր առջև դրված խնդիրը միայն մեկն է՝ նիկոլի հեռացումը։ Նա պինդ տղա է, նահանջող չէ, նվիրյալ է, համագործակցող ու նաև շատերիդ ընկերն է։ Մեր երկիրը միայն կշահի, եթե մի որոշ ժամանակ բոլորը կողմ դնեն կուսակցական ու թիմային պատկանելությունը, միասին խաղի կանոններ որոշեն, իրար հետ պայմանավորվեն ու առաջ գնան։ Սա հիմա է պետք անել։ Հետո արդեն ասացի, թե ինչ կլինի։ Ձեր չպայմանավորվելը, սկզբից հենց ձեզ/մեզ կկործանի, հետո երկիրը։ Ընդ որում՝ ժամանակի նույն կարճ տարբերությամբ, ինչ երեկ Սրբազանի ու «Պատիվ Ունեմ»-ի հայտարարությունների հրապարակումն էր։
Կրկին ներողություն հանրային դիմելու համար»,- գրել է նա։