Print this page

«Ժողովուրդ». «Էվրիկա գրուպ», «Ֆլեշ». որ ընկերություններն են տուգանվել և որքան. թվեր

By Ապրիլի 11, 2025 46

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն երեկ հայտարարություն էր տարածել, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2025 թ․ հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ հարկ վճարողների շրջանում արձանագրվել են աշխատողի չձեւակերպման եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։

Մասնավորապես, 34 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել էր ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում եւ առաջադրվել էր շուրջ 138.1 մլն դրամ տուգանք։ Իսկ 6 խոշոր հարկ վճարողների շրջանում արձանագրվել են 31 չգրանցված աշխատողներ եւ առաջադրվել էր շուրջ 7.8 մլն դրամ տուգանք։

Այս հարկատուների շարքը գլխավորում է «Էվրիկա գրուպ» ընկերությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը իրավաբանական անձանց պետական ռեգիստրից՝ e-register-ից, տեղեկացավ, որ «Էվրիկա գրուպը» պատկանում է Թեմուր Ուսուբովին։ Համաձայն իրական շահառուների մասին բաժնի՝ Թեմուր Ուսուբովը ընկերության 100% բաժնետերն է։

«Էվրիկա գրուպը» տուգանվել է եւս 20 մլն դրամ։ Հարկ է նշել, որ նախորդ տարի ընկերությունը եւս նույնքան տուգանվել էր։

Տուգանվածների շարքում է նաեւ «Ֆլեշ» ընկերությունը, որի տուգանքը 10 մլն դրամ է կազմել։ Սակայն արձանագրենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացրել էին, որ ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 37 միլիոն 796 993 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երեւանում եւ ՀՀ մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի եւ հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Latest from Live24