Print this page

ՄԱԿ-ի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարները մուտք են գործել Գազայի հատված

By Մայիսի 20, 2025 27

Իսրայելը և ՄԱԿ-ը հայտարարել են, որ օգնություն տրամադրող առաջին բեռնատարները մտել են Գազա՝ գրեթե երեք ամիս Իսրայելի կողմից սննդի, դեղորայքի և այլ մատակարարումների շրջափակումից հետո։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ օգնության համակարգող Թոմ Ֆլետչերը հայտարարել է, որ 11 շաբաթ տևած լիակատար շրջափակումից հետո Իսրայելը թույլատրել է օգնություն տեղափոխող ինը բեռնատարների Քերեմ Շալոմ անցակետով մուտք գործել Գազա։ծ

«Սակայն սա կաթիլ է օվկիանոսում այն ամենի համեմատ, թե ինչի անհապաղ կարիք կա, և վաղը առավոտից սկսած պետք է թույլատրվի զգալիորեն ավելի շատ օգնության մուտքը Գազա», – հայտարարության մեջ նշել է Ֆլետչերը՝ այս քայլն անվանելով «ողջունելի զարգացում»։

Սննդի անվտանգության մասնագետները վեջին շրջանում զգուշացրել էին Գազայում սովի մասին։ Վերջին հրադադարի ժամանակ հումանիտար օգնությամբ օրական մոտ 600 բեռնատար էր մուտք գործում Գազա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազային «նվազագույն» օգնությունը վերսկսելու իր որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ դաշնակիցները հայտարարել են, որ չեն կարող աջակցել Իսրայելի նոր ռազմական հարձակմանը, եթե պաղեստինյան տարածքում «սովի տեսարաններ» լինեն։

Իսրայելի կողմից առաջին բեռնատարների՝ Գազա մուտք գործելու մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան հանդես են եկել կտրուկ համատեղ հայտարարությամբ՝ օգնությունը որակելով «լիովին անբավարար»։ Նրանք սպառնացել են Իսրայելի դեմ «կոնկրետ գործողություններ», այդ թվում՝ պատժամիջոցներ կիրառել Գազայում և օկուպացված Արևմտյան ափում նրա գործունեության համար՝ կոչ անելով Իսրայելին դադարեցնել Գազայում իր նոր «սարսափելի» ռազմական գործողությունները։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է համատեղ հայտարարությունը և այն անվանել «հսկայական մրցանակ Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ի ցեղասպանական հարձակման համար»։

Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը պլանավորում է «վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի նկատմամբ»։

Իսրայելը հայտարարել է, որ ճնշում է գործադրում ՀԱՄԱՍ-ի վրա՝ ազատ արձակելու մնացած պատանդներին, որոնք առևանգվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ նրանց կազատի միայն երկարատև հրադադարի և իսրայելական զորքերի դուրսբերման դիմաց։

Rate this item
(0 votes)

Latest from Live24