Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում առաջիկա օրերին այցելել Ստամբուլ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նման ծրագրեր այս պահին չկան։ Ստամբուլում է գտնվում ռուսական պատվիրակություն, ռուս բանակցողների պատվիրակություն, որը սպասում է ուկրաինական կողմին, որն, իր հերթին, դեռևս այնտեղ չէ, – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ – Մենք չգիտենք, թե ինչպես կընթանան բանակցությունները։ Մեր պատվիրակությունը սպասում է ուկրաինացիներին, և նրանք դեռ չեն եկել։ Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպես կընթանան բանակցությունները, և, անկասկած, բոլորը պատրաստ կլինեն գործադրել բոլոր ջանքերը՝ դրանց արդյունավետ լինելու համար»։
Պեսկովը նաև ասել է, որ հստակ չեն Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մեկնարկի ժամկետը, ինչպես նաև Կիևի պատվիրակության կազմը։
Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների պատվիրակության կազմը նշանակվել էր մեկ օր առաջ։ Ինչպես 2022 թվականին, պատվիրակության ղեկավար է նշանակվել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։