Print this page

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկած Արա Բադոյանը 3 տարի ազատազրկման դատապարտվեց

By Մայիսի 14, 2025 42

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին 2020թ․ ծեծի ենթարկելու գործով դատարանը քիչ առաջ վճիռ կայացրեց։ Armlur․am-ը հայտնում է, որ դատարանը գործով մեղադրյալ Արա Բադոյանին դատապարտեց երեք տարի ազատազրկման։ Բադոյանը կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս։

Պարբերականի թղթակիցը դատարանից հայտնում է, որ վճռի հրապարակումից հետո Արա Բադոյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել։

Նշենք, որ մայիսի 12-ին ԱԺ-ում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարեց, որ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարված մահափորձի գործով շուտով արդյունքներ կլինեն։

ՔԿ ղեկավարն ընդգծեց, որ Միրզոյանի մահափորձի գործով ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, և որ այս մասով ԱԱԾ-ն բազմաբնույթ մեծածավալ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացրել:

Հավելենք, որ վերջին օրերին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորները պարբերաբար խոսում էին Միրզոյանի ծեծի գործի մասին, ուժայիններից պահանջում արդյունքներ այս գործով։
Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Rate this item
(0 votes)

Latest from Live24