Print this page

Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ Հայկ Սարգսյանն առաջարկում է զինծառայության ընտրության երեք տարբերակ

By Մայիսի 12, 2025 43

Առաջարկվող փոփոխությունների մի մասը խստացնող է, գալիս են բարդացնելու և սահմանափակելու զինվորական ծառայությունից խուսափելու առկա ճանապարհները, մյուս մասը խրախուսող է՝ գալիս են բարձրացնելու ծառայության գրավչությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 12–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով զինծառայության համակարգի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:

Խստացնող կարգավորումներն են

  1. Կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ, և որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության:
  2. Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարին:
  3. Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ: Սա այն գումարն է, որը գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները այսօր էլ կարողանում են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:
  4. Քրեականացնել Քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածների հատկանիշներով քննվող քրեական վարույթների շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը, կամ հետազոտության համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը:

Խրախուսող կարգավորումներն են

  1. Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասը ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողներին դրամական ապահովության չափերի բարձրացմանը:

Ներկայումս շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինծառայողները ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում:

  1. Կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին: Գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարին լրացածները և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք:

Պատգամավորն առաջարկում է, որ նման հնարավորություն տրվի նաև 18 տարին լրացածներին:

Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը․ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։

«Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասը ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը։ Ներկայում շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինվոր զինծառայողները ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում»,- ասաց Սարգսյանը։

 

Rate this item
(0 votes)

Latest from Live24