Print this page

Եվրախորհրդարանը սառեցված է թողել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը

By Մայիսի 08, 2025 30

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկա հանգամանքներում՝ չնայած թուրքական հասարակության զգալի մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կողմից մայիսի 7-ին ընդունված զեկույցում։

Զեկույցի հաստատմանը կողմ է քվեարկել 367 եվրապատգամավոր, դեմ՝ 74, ձեռնպահ է մնացել 188-ը:

«Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ​​ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտում են վերջերս տեղի ունեցած խաղաղ զանգվածային ցույցերի կոշտ ճնշումը և հարյուրավոր ցուցարարների հետապնդումը հապճեպ զանգվածային դատական գործընթացների միջոցով՝ առանց քրեական իրավախախտումների որևէ ապացույցի», – նշվում է Եվրախորհրդարանի կոմյունիկեում։

Ինչպես հետևում է փաստաթղթից, «թուրքական կառավարությունը չի կարողացել վերացնել ժողովրդավարության հիմնարար թերությունները», ինչն անհրաժեշտ է Եվրամիությանն անդամակցելու գործընթացում։

Փաստաթղթի համաձայն՝ թուրքական իշխանություններն իրենց գործողություններով «երկիրն էլ ավելի են հրում դեպի լիովին ավտորիտար մոդել»։

Զեկույցում ասված է, որ ԵՄ-ին անդամակցությունը կախված է անդամակցության որոշակի չափանիշների կատարումից, ինչպիսիք են «կայուն ինստիտուտները, որոնք երաշխավորում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, փոքրամասնություններին հարգելն ու նրանց պաշտպանությունը, բարիդրացիական հարաբերությունները, միջազգային իրավունքի պահպանումը և համապատասխանությունը ԵՄ-ի ընդհանուր արտաքին քաղաքականությանն ու անվտանգության քաղաքականությանը»։

«Սրանք բացարձակ չափանիշներ են, այլ ոչ գործարքային ռազմավարական նկատառումների կամ բանակցությունների ենթակա հարցեր», – հիշեցնում են ԵՄ-ի խորհրդարանականները՝ շեշտելով, որ ԵՄ-ին անդամակցության չափանիշները ենթակա չեն քննարկման։

Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, ԵՄ-ի ինստիտուտներին և միության անդամ պետություններին շարունակել աշխատել «ավելի սերտ, ավելի դինամիկ ու ռազմավարական գործընկերության ուղղությամբ՝ շեշտը դնելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության և տարածաշրջանային կայունության վրա»։

1999 թ. դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը Թուրքիային ճանաչեց որպես ԵՄ-ի անդամակցության թեկնածու երկիր։ 2005 թ. հոկտեմբերին սկսվեցին բանակցությունները Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ։ 2018 թվականին ԵՄ խորհուրդը հայտարարեց, որ այդ բանակցությունները կասեցված են։

Rate this item
(0 votes)

Latest from Live24