Print this page

Երևանում հաշվել են՝ որքան ժամանակում կվերականգնվի Գյումրի-Կարս երկաթգծի հայկական հատվածը

By Մայիսի 06, 2025 23

Գյումրի-Կարս երկաթգծի հայկական հատվածի գործարկման համար կպահանջվի մոտ մեկ տարի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ի պատասխան գրավոր հարցման։

Գյումրի-Կարս երկաթուղին չի գործում 1993 թվականից, գործարկման հնարավորությունն առաջին անգամ դիտարկվել է 2008 թվականին ՝ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջին փորձի ժամանակ։ 2010 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությունը հայտարարեց, որ ընկերությունը սկսում է մշակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային նախագիծը։ Հարցը կրկին ասպարեզ եկավ արդեն 44-օրյա պատերազմից հետո՝ գլոբալ աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ֆոնին։

Գերատեսչությունից հիշեցրել են, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի և Թուրքիայի մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել սահմանին։ Կողմերը քննարկել են Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային կետի գործարկմանն առնչվող տեխնիկական մանրամասներն ու նրբությունները և գնահատել Գյումրի-Կարս երկաթուղու տեխնիկական հնարավորությունները:

«Գյումրի - Թուրքիայի սահման հատվածում երկաթգիծը վերանորոգման կարիք ունի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի օգնությամբ իրականացված նախնական գնահատականներով՝ երկաթուղու գործարկման ընդհանուր արժեքը կկազմի 32,4 մլն դոլար»,- նշել են գերատեսչությունում։

Ընդ որում, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկություն չունի Թուրքիայի տարածքում ճանապարհի վիճակի մասին, ուստի հաշվարկները ներկայացված են միայն հայկական կողմի աշխատանքների արժեքի մասին:

Ընդհանուր առմամբ, հայկական երկաթուղային հատվածում գնացքների գործարկման համար կպահանջվի մոտ մեկ տարի։

Երևանում կարծում են, որ Գյումրի-Կարս ճյուղի գործարկումը թույլ կտա դիվերսիֆիկացնել միջազգային երկաթուղային ճանապարհները Հայաստանի և հարևան երկրների միջև: Սա նաև հնարավորություն կստեղծի տարածաշրջանի երկրների միջև երկկողմ և տարանցիկ փոխադրումների կազմակերպման, ինչպես նաև Թուրքիայի միջոցով ԵՄ-ի հետ երկաթուղային կապ հաստատելու համար:

Rate this item
(0 votes)

Latest from Live24