Print this page

Այսօր Կանաչ կիրակին է. տոնը Քրիստոսի հարությամբ բնության և մարդկային կյանքի վերազարթոնքի խորհուրդն ունի

By Մայիսի 04, 2025 38

Այսօր Հայոց Եկեղեցում Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին է:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշում է՝ այս տոնը մեզ մտովի տանում է առաքելական շրջան, երբ Երուսաղեմի Վերնատան մեջ առաքյալների կողմից հիմնվեց աշխարհի առաջին մատուռը` եկեղեցին:

«Նույն այս Վերնատանը Հիսուս հաստատեց նաև Ս. Հաղորդության կենդանարար խորհուրդը, առանց որի իմաստազուրկ է քրիստոնյայի կյանքը:

Այստեղ նաև Հոգեգալստին Ս. Հոգին կրակե լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա, որից հետո նրանք առանց երկմտելու արիաբար գնացին և տարածեցին Ավետարանն ամբողջ աշխարհում:

Օրվա խորհուրդն ասես մեզ կապում է Տիրոջ առաքյալների և առաջին քրիստոնյաների հետ, որոնք «հարատևում էին առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման և աղոթքների մեջ» (Գործք Բ 42):

Իսկ տոնին տրված «Կանաչ» մակդիրը Քրիստոսի հարությամբ բնության և մարդկային կյանքի վերազարթոնքի խորհուրդն ունի: Թող հարության հույսն ու հավատքը մշտապես զորացնեն և ուղեկցեն մեզ այս կյանքում՝ դյուրությամբ հաղթահարելու բոլոր խնդիրներն ու խոչընդոտները»,- նշել է Հայր Զաքարիան։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 04 Մայիսի 2025 11:53

Latest from Live24