Print this page

«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ Կոպիրկին

By Մայիսի 03, 2025 112

Համագործակցության ի՞նչ ձևաչափ է առաջարկում Ռուսաստանը տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Հնարավո՞ր է արդյոք անվտանգության նոր ձևաչափ Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ, 168․am-ի հարցին ի պատասխան, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է․

Ոչինչ հորինելու կարիք չունենք: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է բարձր մակարդակի փոխգործակցության ձևաչափ, որի գործունեության արդյունքում կուտակվել է 2020-2022 թվականների համապարփակ հայտարարությունների համալիր: Առաջնորդների որոշմամբ՝ 2021 թվականի հունվարին ստեղծվել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների համանախագահությամբ:

Դրան զուգահեռ՝ ռուսական կողմը բազմիցս արտահայտել է իր տեսակետը, որ Հարավային Կովկասի ճակատագիրը և ապագան պետք է որոշեն տարածաշրջանի երկրներն ու նրանց հարևանները: Անդրկովկասի բարգավաճման և կայունության բանալին ներառական երկխոսությունն է, ծագող բոլոր հարցերի փոխադարձ ընդունելի պատասխանների որոնումը և արտաքին ուժերի կողմից տարածաշրջանն օտար աշխարհաքաղաքական սխեմաների մեջ ներքաշելու փորձերի չեզոքացումը:

Գործելով այս փոխըմբռնման համաձայն՝ մենք ակտիվորեն աջակցել ենք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ստեղծմանը (մի կողմից՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։ Արդեն երկու նիստ է գումարվել արտգործնախարարների մակարդակով։ Վրացիները դեռևս հետևում են գործընթացին, բայց նրանց հասկացրել են, որ բոլոր մասնակիցները նրանց սպասում են բանակցությունների սեղանի շուրջ։ Հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ։ Այդ նույն շրջանակում, անհրաժեշտ պայմանների հասունացմանը զուգընթաց, միանգամայն հնարավոր է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան և Իրան ձևաչափով շփումներով՝ տնտեսական և տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի և մշակութային-մարդասիրական թեմաների քննարկման համար՝ այն ըմբռնումով, որ այդ քննարկումները կլրացնեն, այլ ոչ թե կփոխարինեն երկկողմ պայմանավորվածություններն ու աշխատանքն արդեն իսկ կայացած տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24