Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Պակիստանի դեսպան Մուհամմադ Խալիդ Ջամալին քննարկել են Նյու Դելիի և Իսլամաբադի միջև սրված իրավիճակը: Մոսկվան կողմերին կոչ է արել տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-պակիստանյան փոխգործակցության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև Իսլամաբադի և Նյու Դելիի միջև լարվածության աճը։ Ռուսաստանը երկու կողմերին զսպվածության և կառուցողական երկխոսության կոչ է արել», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը, հանդիպումը կայացել է դեսպանի խնդրանքով:
Հիշեցնենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, կան բազմաթիվ վիրավորներ։ Ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։
Իրավիճակը լարվել է նաև սահմանին։ Վերջին օրերին երկու երկրների սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունենում։