Իրանում 3-րդ օրն է՝ չի հաջողվում մարեL հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում հզոր պայթյունից առաջացած խոշոր հրդեհը, հայտնում է Mehr գործակալությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Իլյուշին» ինքնաթիռը յուրաքանչյուր թռիչքի ընթացքում մոտ 40 տոննա ջուր և հրդեհաշիջող նյութեր է նետում կրակի վրա:
Հիշեցնենք, որ պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։ Մինչդեռ տուժածների թիվը 1,139 է:
«Միջադեպը տեղի է ունեցել Շահիդ Ռաջաի նավահանգստի տարածքում պահվող մի քանի բեռնարկղերի պայթյունի հետևանքով: Ներկայումս մենք տարհանում և վիրավորներին տեղափոխում ենք բժշկական կենտրոններ», - BBC-ի փոխանցմամբ՝ պետական հեռուստատեսությանը հայտնել է ճգնաժամային կառավարման տեղական պաշտոնյան:
Իրանի Առողջապահության նախարարությունը Հորմոզգան նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ մարդկանց խնդրելով մնալ տանը, փակ պահել պատուհանները և կրել դիմակներ։
Պաշտոնապես երկրի իշխանությունները չեն ասում, թե կոնկրետ ինչ է եղել պայթած բեռնարկղերում։ Սակայն New York Times-ի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող աղբյուրը հայտնել է, որ նավահանգստում նատրիումի պերքլորատով բեռնարկղեր են պայթել: Այս նյութն օգտագործվում է պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար։