ԵՄ-ում հրաժարվել են հետագա պատժամիջոցների փաթեթներում ներառել ռուսական հեղուկ բնական գազի (ՀԲԳ) ներմուծման արգելքը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։
«Եվրոպացի պաշտոնյաները հրաժարվել են առաջիկա փաթեթներում (պատժամիջոցների) ռուսական հեղուկ բնական գազի ներկրման արգելքը մտցնելու գաղափարից՝ որոշ կառավարությունների դիմադրության և այլընտրանքային աղբյուրների վերաբերյալ անորոշության պատճառով»,- ասվում է հրապարակման մեջ։
Գործակալության տվյալներով՝ փոխարենը Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև մայիս ճանապարհային նոր քարտեզ մշակել ՝ մինչև 2027 թվականը ռուսական էներգակիրներից կախվածությունը վերացնելու վերաբերյալ։
«Ծրագիրը պետք է հայտարարվի մայիսի սկզբին, սակայն մանրամասները դեռ քիչ են»,- նշվում է հոդվածում։
Բացի այդ, հաղորդվում է, որ ԵՀ-ն մինչև հունիս պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, սակայն աշխատանքները դանդաղ են ընթանում։
Նշում է նաև, որ եվրոպացի պաշտոնյաները ուզում են օգտվել դեպի ԵՄ գազի արտահանումն ընդլայնելու ԱՄՆ-ի ցանկությունից՝ ամերիկյան մաքսատուրքերի նվազեցման շուրջ բանակցությունների համար, այնուամենայնիվ Վաշինգտոնի պահանջները դեռ հայտնի չեն:
Ինչպես հայտարարել է գործակալության զրուցակիցներից մեկը, Եվրահանձնաժողովը մտավախություն ունի, որ սահմանափակումների պատճառով ռուսական հեղուկ գազի կորուստը կնվազեցնի բանակցային հնարավորությունները։ Բացի այդ, դաշինքը վախենում է կախվածության մեջ հայտնվել ԱՄՆ-ից, որը դաշինքին կապույտ վառելիքի երրորդ մատակարարն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2025 թվականի հունվարին Եվրամիությունը Ռուսաստանից ավելի քան 1 մլրդ եվրոյի հեղուկ գազ է ձեռք բերել, ինչը ռեկորդային է դարձել վերջին երկու տարվա ընթացքում։