ՌԴ տրանսպորտի նախկին նախարար և Կուրսկի մարզի նախկին ղեկավար Ռոման Ստարովոյտը, որին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազատել էր պաշտոնից, ատրճանակից արձակած կրակոցով ինքնասպան է եղել Օդինցովոյում գտնվող իր տանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայություններին։
Ռոման Ստարովոյտի ինքնասպանության նախնական պատճառը հնարավոր քրեական գործն է։
112–ի տեղեկություններով՝ պաշտոնյայի դեմ ցուցմունք է տվել Կուրսկի մարզի նախկին ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը, որը վերջերս ձերբակալվել էր տարածաշրջանում ամրաշինական կառույցների շինարարության ժամանակ խոշոր յուրացումների համար:
Ըստ Mash-ի`Ստարովոյտն ինքնասպանություն է գործել այն զենքով, որը 2023 թվականին պարգև է ստացել ՆԳՆ ղեկավարությունից։
Հիշեցնենք` Ստարովոյտը տրանսպորտի նախարարի պարտականություններից ազատվել է այսօր` հուլիսի 7-ին: Նրա հնարավոր հրաժարականի մասին ավելի վաղ չէր հաղորդվել։ ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Նիկիտինը։