Print this page

ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու ռուսաստանյան անձնագրերում չկա «ազգություն» սյունակը

By Հուլիսի 05, 2025 14

ՌԴ անձնագրում ազգության մասին նշում անհրաժեշտ չէ, քանի որ ազգությունը որևէ կերպ կապված չէ քաղաքացու ինքնության նույնականացման հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից։

Հասարակության մեջ պարբերաբար առաջարկներ են հնչում անձնագրում «ազգություն» սյունակը վերադարձնելու վերաբերյալ, դրանք ամենից հաճախ ստացվում են բնիկ փոքրաթիվ ժողովուրդների ներկայացուցիչներից։

«Ազգության մասին գրառումը չի դասվում քաղաքացու ինքնությունը նույնականացնելու հնարավորություն տվող տեղեկությունների շարքին։ Քաղաքացու անձնագրից ազգային պատկանելության մասին գրառման հանումը չի խախտում ՌԴ քաղաքացու՝ ՌԴ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իրավունքը, քանի որ քաղաքացին կարող է իր ազգությունը նշել այլ պաշտոնական փաստաթղթերում», - պարզաբանել են ՌԴ ՆԳՆ-ում։

Նախարարությունը հավելել է, որ սեփական ազգային պատկանելության որոշումը հիմնված է անձի ինքնանույնականացման սկզբունքի վրա և կախված է անձի սուբյեկտիվ զգացողություններից։ Ընդ որում, մարդը կյանքի ընթացքում կարող է փոխել իր ազգությունը։

Անձնագրի մասին կանոնակարգում սահմանված է Ռուսաստանի քաղաքացու անձնագրում մուտքագրվող տեղեկությունների սպառիչ ցանկ։ Մասնավորապես, այն ներառում է ազգանունը, անունը, հայրանունը, սեռը, ծննդյան ամսաթիվը և ծննդավայրը։ Այս տվյալների փոփոխության դեպքում անձնագիրը ենթակա է փոխարինման։

Խորհրդային տարիներին անձնագրում նշվում էր ազգային պատկանելությունը. այն սահմանվում էր ծնողներից մեկի կամ երկուսի ազգությամբ։ 16 տարեկանում առաջին անձնագիրը ստանալուց հետո այն փոխելն արդեն անհնար էր։ Պահանջը չեղարկվել է 1993 թվականին՝ ՌԴ գործող Սահմանադրության ընդունմամբ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24