Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում ընդգծել է Ուկրաինայի հետ բանակցելու Մոսկվայի պատրաստակամությունը, քննարկվել է հարցերի լայն շրջանակ։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին։
«Բնականաբար, քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո։
Ուշակովը նշել է, որ երկու երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսական կողմն ընդգծել է հակամարտությունը ժողովրդավարական ճանապարհով լուծելու իր դիրքորոշումը։
«Զրույցը եղել է անկեղծ, գործնական և կոնկրետ»,-հավելել է Ուշակովը՝ մանրամասնելով, որ զրույցի ընթացքում նախագահների հանդիպման հնարավորության մասին խոսք չի գնացել։
«Քննարկվել են նաև Սիրիայի իրադարձությունները, և այդ ուղղությամբ ռուսական ու ամերիկյան կողմերը կշարունակեն երկխոսությունը»,-ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինայի շուրջ Կիևի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել։
«Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ և նշել Ռուսաստանի ներդրումն ամերիկյան պետականության զարգացման գործում։ Նախագահները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդհանրապես Մերձավոր Արևելքը»,-մանրամասնել է Յուրի Ուշակովը։