ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իլոն Մասկը կարող է կորցնել ոչ միայն կառավարության էլեկտրական մեքենաների ծրագրի աջակցությունը: Նա խոստովանել է, որ DOGE գործակալությունը, որը նախկինում վերահսկվում էր հենց Մասկի կողմից, կարող է օգտագործվել իր դեմ։
«Իլոնը շատ ավելին ունի կորցնելու»,- ասել է Թրամփը՝ հավելելով. «DOGE-ը հրեշ է, որը կարող է շրջվել Իլոնի դեմ և ուտել նրան»: DOGE-ը պատասխանատու է պետական ծախսերի օպտիմալացման և բյուրոկրատիայի դեմ պայքարի համար։
Թրամփի խոսքով՝ Մասկը «շատ սուբսիդիաներ է ստանում» և «վշտացած է, որ կորցնում է էլեկտրական մեքենաների մանդատը»: Նախագահը նաև ասել է, որ ինքը չի ուզում էլեկտրական մեքենա և կնախընտրեր հիբրիդային կամ ջրածնային մեքենա։
Թրամփը նախկինում նշել էր, որ Մասկը «պատմության մեջ ավելի շատ սուբսիդիաներ է ստացել, քան որևէ մեկը», և առանց դրանց «նա կվերադառնար Հարավային Աֆրիկա»։
Իլոն Մասկը մինչև վերջերս զբաղեցնում էր DOGE համակարգողի պաշտոնը և նախագահի մերձավոր շրջապատի անդամ էր: Սակայն նրա և նախագահի հարաբերությունները վատթարացան. Մասկը քննադատեց Սպիտակ տունը, պետական ծախսերի և ներմուծման տուրքերի մասին օրենքը, ինչպես նաև աջակցեց Թրամփի իմպիչմենտի գաղափարին։
Ի պատասխան՝ նախագահը նրան անվանեց «խելագար» և մեղադրեց պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ՝ սպառնալով խզել իր ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի հետ կնքված պայմանագրերը։
Ըստ The Washington Post-ի՝ վերջին տարիներին Մասկի կառույցը ստացել է մոտ 38 միլիարդ դոլարի արժողությամբ կառավարական պատվերներ։ Մասկը հետագայում ներողություն խնդրեց իր հայտարարությունների համար, և կողմերը, ըստ NYT-ի, հեռախոսազրույց ունեցան: