Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում կասկած հայտնելով՝ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին նախազգուշացրել է ցանկացած նոր ագրեսիայի դեպքում Թեհրանի կոշտ պատասխանի մասին, հայտնում է Tasnim-ը։
Կիրակի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցում գեներալ-մայոր Մուսավին և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բեն Սալման Ալ Սաուդը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ 12-օրյա պատերազմը։
Իրանցի բարձրաստիճան զինվորականը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակումներ են ձեռնարկել Իսլամական Հանրապետության դեմ այն դեպքում, երբ Իրանը զսպվածություն էր ցուցաբերում, քանի որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի միջուկային բանակցություններ էին ընթանում։
Իրանի հետ 12-օրյա պատերազմն ապացուցեց, որ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն պահպանում որևէ միջազգային կանոն ու նորմ, հայտարարել է գեներալը։
«Քանի որ լիովին կասկածում ենք, որ հակառակորդը կպահպանի իր պարտավորությունները, այդ թվում՝ հրադադարը, պատրաստ ենք նրան կոշտ պատասխան տալ ագրեսիայի կրկնվելու դեպքում»,- նախազգուշացրել է գեներալ-մայոր Մուսավին։
Նա ընդգծել է, որ Իրանը չի սանձազերծել պատերազմը, այլ ամբողջ ուժով պատասխանել է ագրեսորներին։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ թագավորությունը դատապարտել է Իրանի դեմ ագրեսիան և ջանքեր է գործադրել պատերազմը դադարեցնելու համար։ Նա նաև ցավակցություն է հայտնել Իրանին՝ իսրայելական հարվածների հետևանքով մի շարք զինվորական հրամանատարների զոհվելու կապակցությամբ։
Երկու պաշտոնյաներն էլ կոչ են արել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև մշտական խորհրդակցություններ անցկացնել՝ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և տարածաշրջանային անվտանգությունն ու հանգստությունն ապահովելու համար։