Print this page

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

By Հունիսի 18, 2025 24

2025 թվականի հունիսի 18-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ-ն:

«Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների և դրանց արկղերի տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ։

Մասնավորապես՝

2025 թվականի հունվարի 22-ի դրությամբ ինդուկցիոն (մեխանիկական, ոչ էլեկտրոնային) եռաֆազ առևտրային բոլոր հաշվիչները պետք է փոխարինված լինեին էլեկտրոնային (ավտոմատ գրանցմամբ) հաշվիչներով, որոնք ապահովում են նաև էլեկտրաէներգիայի ռեակտիվ բաղադրիչի հաշվառումը ( ԷԲՑ կանոնների 241-րդ կետ)։

Հաշվիչները 30 րոպեանոց միջակայքում պետք է գրանցեն լարման մակարդակը և հզորության գործակիցը (cos.), (ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետ):

Էլեկտրաէներգիայի նախորդող ամսվա ծախսը պետք է գրանցվի էլեկտրոնային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող ցուցմունքով ավտոմատացված ռեժիմում (պետք է բացառվի տեսուչի կողմից ամսվա սկզբի և վերջի ցուցմունքների տարբերությամբ ծախսի հաշվարկումը), (ԷՄԱ կանոնների 75-րդ կետ): 

Ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները՝ չհերքելով արձանագրված խախտումները։ Արդյունքում՝ Հանձնաժողովը տուգանել է ընկերությանը՝ 10 միլիոն դրամ գումարի չափով, որը պետք է փոխանցվի պետական բյուջե մեկամսյա ժամկետում։

Բացի այդ, Հանձնաժողովը պարտավորեցրել է ընկերությանը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը իր սպասարկման ամբողջ տարածքում վերացնել նմանատիպ բոլոր խախտումները, համապատասխան դեպքերում վճարել տույժ՝ սպառողների իրավունքների խախտման համար և մեկամսյա ժամկետում Հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24