Print this page

Կիեւին հասցված ռուսական հարվածների հետեւանքով զոհերի թիվը հասել է 23-ի

By Հունիսի 18, 2025 20

Կիեւի Սոլոմենսկի շրջանում փրկարարները ռուսական հարվածի հետեւանքով մասամբ ավերված ինը հարկանի շենքի փլատակների տակ հայտնաբերել են եւս յոթ զոհվածի մարմին, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ընդհանուր առմամբ, հունիսի 18-ի առավոտվա դրությամբ շենքին հասցված հարվածի հետեւանքով զոհվել է 18 մարդ: Կիեւում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի, եւս 134-ը վիրավորվել է:

Հունիսի 17-ի գիշերը ռուսական զորքերը գրոհել են Ուկրաինան 440 անօդաչու թռչող սարքերով, 20 թեւավոր հրթիռներով, երկու բալիստիկ հրթիռներով եւ ինը կառավարվող հրթիռներով, ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Հարձակման հիմնական ուղղությունը Կիեւն էր, որը, ըստ տեղի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոյի, գրոհի է ենթարկվել 175 անօդաչու թռչող սարքերով, ավելի քան 14 թեւավոր հրթիռներով։

Զելենսկին Կիեւին հասցված այս հարվածն անվանել է «ամենաահավորներից մեկը»՝ նշելով, որ քաղաքի ութ թաղամասերում վնասվել են բնակելի շենքեր։ «Նման հարձակումներն իսկական ահաբեկչություն են։ Եվ ամբողջ աշխարհը, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան վերջապես պետք է արձագանքեն այնպես, ինչպես քաղաքակիրթ հասարակությունն է արձագանքում ահաբեկիչներին», ընդգծել է Զելենսկին։

Կիեւից բացի, հունիսի 17-ի գիշերը գրոհի են ենթարկվել նաեւ Օդեսայի, Զապորոժիեի, Չեռնիգովի, Ժիտոմիրի, Կիրովոգրադի, Նիկոլաեւի եւ Կիեւի մարզերը։ Օդեսայում բնակելի շենքին հասցված հարվածի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս 17-ը՝ վիրավորվել։

ՌԴ ՊՆ-ն, մեկնաբանելով հարձակումը, հայտնել է «բարձր ճշգրտության զենքերով խմբային հարվածի» մասին, որը ենթադրաբար ուղղված է «ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի՝ Կիեւի մարզում եւ Զապորոժիեում գտնվող օբյեկտների» դեմ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24