Գյումրին, Գորիսը եւ Մեղրին մերժեցին․ բեկումը սկսում է տեղերից

Մանրամասներ

1

ՏԻՄ ընտրություններում Գյումրիում, Մեղրիում եւ Գորիսում իշխող ուժը պարտվել է։ Մի կողմ դնելով ընտրության արդյունքների վերաբերյալ իշխող ուժի եւ «ընդդիմության» ավանդական արձագանքները, ազգային-պետական շահի տեսանկյունից հարկ է արձանագրել հետեւյալը

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ ընտրությանը իշխող ուժի «հաղթանակը» ներկայացնում է այնպես, որ հանրությունը նրան մանդատ է տվել «խաղաղ դարաշրջանի», այսինքն երկրի մասնատման ու ինքնիշխանության վերացման ռուս-թուրքական ծրագրի իրագործման համար։

Փաշինյանն այդ մանդատը կարող էր ծառայեցնել այլ քաղաքականության՝ համարձակ նախաձեռնություններով, այդ թվում խորհրդարանում, մասնավորապես՝ Արցախի վերամիավորման, Կարսի 1921 թ․ պայմանագրի ժամկետի ավարտի, հայկական իրավունքներից ու պահանջներից բխող այլ խնդիրների քննարկումներով։

Փաշինյանը սակայն չարեց դա, թաքնվելով «ժողովրդի մանդատի» հետեւում եւ իր քաղաքականության հետեւանքների պատասխանատվությունն այդպիսով թողնելով ժողովրդի վրա։

Ժողովրդի երեսով շատ բան տվեցին այս ամիսներին, հիմնականում՝ արդարացիորեն։ Հիմա, մի կողմ թողնելով զուտ ընտրական բնույթի մանրուքները, պետք է արձանագրել, որ ՏԻՄ ընտրությանը, որն անմիջապես առնչվում է ժողովրդին եւ չունի համապետական ընտրության «վերամբարձությունը», այդ նույն ժողովուրդը մերժեց ռուս-թուրքական պարտադրվող «խաղաղության դարաշրջանը»։

Այս ալիքը կարող է բեկման սկիզբ դառնալ։ Տեղական իշխանություններից, ինչպես սահմանը պահող զինվորից ու կամավորից, որպիսիք էին նրանցից շատերը, պատասխանատվության լայն գիտակցում է պահանջվում, քան ներքին մանր ռազբորկաները։ Հայաստանը չի պարտվել, պարտվողը Երեւանի կենտրոնում դատարկաբանող քաղաքական դասն է՝ իշխող ու չիշխող նոմենկլատուրայով։

Սկզբնաղբյուր