Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության կազմում Բելգիա ժամանած լրագրողների խմբին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Նրանցից որևէ մեկը չհարցրեց՝ ինչու ենք եկել Բրյուսել և ում հաշվին, ինչպես և ինչ ենք արել օրվա ընթացքում և ում հաշվին: Հիմա տեսնում եմ, որ Երևանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգել:
Ունենք 7 հայկական լրատվամիջոցի լրագրող Բրյուսելում, և երկու նյութ՝ հորինված Երևանում: Սա մի թեմա է, որի մասին առաջիկայում անպայման կխոսենք:
Մինչ այդ, կարծում եմ, Բրուսելում իմ ու Մարիամի ծախսած գումարները կհասնեն 100 հազարավոր դոլարների, հայկական դիվանագիտական թիմը կաթվածահար կլինի՝ մեզ ուղեկցելով, պետբյուջեում ճեղք կառաջանա՝ մեր քմահաճույքների բերումով, և այս ամենը գաղտնի կպահվի հայ հանրությունից, բայց դա կարևոր չէ:
Բոլորին խնդրում եմ այդ լուրերից չնյարդայնանալ, համբերատար գտնվել, որովհետև սա շատ ավելի լուրջ թեմա է, քան կարող է թվալ, և ես անպայման կանդրադառնամ դրան»,-գրել է Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն է մեկնել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ։ «Մենք կապվեցինք Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ, քանզի տիկնոջ հետ Փաշինյանի մեկնելու մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել։ Կարապետյանը հաստատեց մեր լուրը, որ Աննա Հակոբյանը ևս Բրյուսելում է»։
Politik.am-ն էլ գրել է. «Մեր տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը, տեսնելով հասարակության լիակատար անտարբերությունը իր շռայլությունների նկատմամբ, որոշել է իրեն չզրկել Բելգիայի Թագավորություն գնալու հաճույքից։ Նա իր հետ տարել է նաև իր դստերը՝ Մարիամ Փաշինյանին և ընկերուհիներից մեկին»։
0Comments