Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին

Մանրամասներ
կիրանց

Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանցի հատվածում շարունակում է փակ մնալ։ Մարդիկ արդեն մի քանի օր է գիշերում են այստեղ:

Այստեղ է նաեւ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ով արդեն քանի գիշեր անցկացնում է գյուղացիների հետ ճանապարհի վրա:

Ճանապարհը փակած բնակիչները պնդում են, որ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարեւանությամբ:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Ապրիլի 23-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։