Ոստիկանությունը չի կարող ունենալ քաղաքական կամ կուսակցական ուղղորդվածություն. Մակունց

Ցանկացած հարց քննարկելիս պետք է հաշվի առնենք այն իրավիճակը, որում տեղի են ունեցել դրանք

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, ըստ որի ՔՊ–ականները ժամանակին հայտարարում էին, թե ԱԱԾ–ն ու ոստիկանությունը չպետք է լինեն վարչապետին առընթեր, իսկ հիմա այլ բան են հայտարարում, սա արդյոք սկզբունքների փոփոխություն չէ, Մակունցը կարծիք հայտնեց, որ ցանկացած հարց քննարկելիս պետք է հաշվի առնենք այն իրավիճակը, որում տեղի են ունեցել դրանք:

«Անվիճարկելի, արդար, թափանցիկ ընտրությունների արդյունքում ձեւավորվել է իշխանությունը եւ ասել, թե անձերով պայմանավորված կարող է որեւէ կամայականություն գործել, չի կարող։ Մենք իհարկե ցանկանում ենք, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն  խորհրդարանին հաշվետու լինեն։ Պիտի մտածենք այն ձեւաչափը, որով հաշվետու կլինեն»,-ասաց նա:

Մակունցը նշեց, որ Սահմանադրության 88-րդ հոդվածը սահմանում է, որ ԱԺ–ն վերահսկում  է ամբողջ գործադիր մարմինը, բայց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով հստակեցում չկա։

«Երբ մենք սկսենք ամբողջ գործիքակազմը կիրառել, կարող է պարզվել, որ նրանք պարբերաբար գալու են եւ հաշվետվություն են ներկայացնելու ԱԺ–ին»,–ասաց նա:

Ինչ վերաբերում է ոստիկանությանը՝ ապա Մակունցն ընդգծեց՝ ոստիկանությունը միջամտում է երկրի ներքին գործերին, քաղաքացիների կյանքին եւ չի կարող ունենալ քաղաքական կամ կուսակցական ուղղորդվածություն։