Սուրճի և այլ բույսերի մեջ պարունակվող բնական միացությունը՝ սրճաթթուն, ունակ է նվազեցնել աղիքների բորբոքումը և պահպանել դրանց պաշտպանիչ պատնեշը։ Այս եզրակացությանն են եկել չինացի գիտնականները՝ ուսումնասիրելով այդ նյութի ազդեցությունը խոցային կոլիտի դեպքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Phytomedicine ամսագրում։
Հետազոտողները փորձեր են անցկացրել բջջային կուլտուրաների և մկների վրա։ Պարզվել է, որ սրճաթթուն նվազեցնում է աղիքների բորբոքման ուժգնությունը, ընդ որում՝ ազդեցությունը կախված է եղել չափաբաժնից։ Նյութը նաև ճնշել է NF-κB սպիտակուցի ակտիվացումը և իջեցրել բորբոքում խթանող մոլեկուլների՝ ինտերլեյկին-6-ի, ինտերլեյկին-1β-ի և ուռուցքի նեկրոզի գործոն-ալֆայի մակարդակը։
Միևնույն ժամանակ սրճաթթուն փոխել է աղիքային միկրոֆլորայի կազմը։ Մկների մոտ ավելացել է Bifidobacterium և Dubosiella ցեղերի բակտերիաների քանակը, մինչդեռ Escherichia-ի և Shigella-ի բաժինը կրճատվել է։ Բացի այդ, միացությունն ազդել է տրիպտոֆանի փոխանակության վրա՝ բարձրացնելով դրա մետաբոլիտների և սերոտոնինի մակարդակը։
Միկրոֆլորայի դերը ստուգելու համար գիտնականները սրճաթթու ստացած մկների աղիքային բակտերիաները փոխպատվաստել են այլ կենդանիների։ Նրանց մոտ ևս աղիքների բորբոքումը նվազել է։ Սա վկայում է, որ միկրոբիոտայի փոփոխությունը կարող է լինել նյութի ազդեցության առանցքային մեխանիզմներից մեկը։
Հետազոտողները նաև պարզել են, որ սրճաթթուն կարող է ուղղակիորեն փոխազդել արիլ-ածխաջրածնային ընկալիչի (AHR) հետ, որը մասնակցում է բորբոքման և աղիքային պատնեշի վիճակի կարգավորմանը։ Հեղինակների կարծիքով՝ միկրոֆլորայի և այս ընկալիչի վրա համատեղ ազդեցությունն օգնում է թուլացնել բորբոքային գործընթացը։
Աղբյուրը՝ news.am
Այդուհանդերձ, հետազոտությունը դեռևս անցկացվել է միայն բջիջների և կենդանիների վրա։ Ուստի մարդկանց վրա սրճաթթվի բուժիչ ազդեցության մասին խոսելը դեռ վաղ է. անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ, այդ թվում՝ կլինիկական փորձարկումներ։
