«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո դատական համակարգում անորոշության և ներքին լարվածության մթնոլորտ է ձևավորվել։ Նախագծի 85-րդ հոդվածը, որով նախատեսվում է գործող դատավորների համատարած վերագնահատում, լուրջ մտահոգություններ է առաջացրել դատական համակարգի ներկայացուցիչների շրջանում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բազմաթիվ դատավորներ մտահոգված են իրենց ՀՀ նոր Սահմանադրության նախագրով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգի ներսում արդեն ձևավորվում են մասնագիտական փոքր խմբեր, որոնք փորձում են քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու և իրենց պաշտոնավարման շարունակականության իրավունքը պաշտպանելու հնարավոր իրավական մարտավարությունը։
Խնդիրը վերաբերում է ոչ միայն դատավորների մասնագիտական գնահատմանը, այլև նրանց կարգավիճակի փոփոխությանը։ Նախագծի համաձայն՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո գործող դատավորները մինչև վերագնահատման արդյունքներով նոր նշանակումը շարունակելու են պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 14-ի դրությամբ Հայաստանում պաշտոնավարում էր 318 դատավոր։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները մտահոգված են, որ վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունը ենթակա չէ դատական վերանայման։ Մասնագիտական շրջանակներում սա դիտարկվում է դատական անկախության և պաշտոնավարման կայունության լուրջ խնդիր։
Դատական համակարգում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է նաև մեկ այլ տեսանկյունից․ եթե դատավորը վստահ չէ իր պաշտոնավարման շարունակականության հարցում, նա կդառնա օրվա իշխանության կամակատարը։ Այսպիսով, նոր Սահմանադրության նախագիծը դատական համակարգի համար ոչ միայն ինստիտուցիոնալ փոփոխությունների, այլև անորոշության նոր փուլ է բացում։
Վնգստացող դատավորները հիմա կդառնան ժամանակավոր դատավորներ»։
