Մենք, իհարկե, ողջունում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմանը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման հիմնական գործոններից մեկն է։ Եվ դրանում շահագրգռված են ոչ միայն իրենք՝ պետությունները, այլև անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։

Հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական կարգավորման ներկա փուլը մեկնարկել է ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ 2020 թվականին։ Այս ընթացքում մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հաջողվել է նշանակալի արդյունքների հասնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020–2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։

Մշակվել է ճանապարհային քարտեզ փոխգործակցության բոլոր առանցքային ուղղություններով՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցում, այս տարածաշրջանում տրանսպորտային կապերի համապարփակ ապաշրջափակում, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատում և սահմանագծում, քաղաքացիական հասարակության մակարդակով շփումների հաստատում՝ երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով։

Եվ այս բոլոր մշակումները, իհարկե, արդիական են նաև այսօր։ Կողմերից ոչ մեկը հետ չի կանչել պայմանավորվածությունների տակ դրած իր ստորագրությունը։ Ներկայում, ինչպես տեսնում ենք, Բաքուն և Երևանը նախընտրում են միմյանց հետ ուղիղ երկխոսությունը։ Մենք, բնականաբար, հարգում ենք այդ որոշումը, միևնույն ժամանակ, նախկինի պես պատրաստ ենք մեր գործընկերներին աջակցություն ցուցաբերել հարցերի ամենալայն շրջանակում, եթե դրա պահանջը լինի», — նշել է նա։

Share.