Ուկրաինային աջակցող երկրների առաջնորդները հավաքվել են Բեռլինում՝ Չինաստանում Սի Ծինփինի, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց, գրել է Euronews-ը։

Եվրոպացի առաջնորդները վճռականորեն մերժել են «Յալթայի համաժողովի ձևաչափը վերստեղծելու» ցանկացած փորձ՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու և մայրցամաքն ազդեցության գոտիների բաժանելու նպատակով։

Այս մասին հայտարարվել է հինգշաբթի՝ Կիևի դաշնակիցներին միավորող «Ցանկացողերի կոալիցիայի» հանդիպման ժամանակ։ Այն կայացել է Բեռլինում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Չինաստանում նացկացված պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց։ Մեկնաբաններն այն անվանել են «երկրորդ Յալթա»՝ ակնարկելով 1945 թվականին ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հանդիպումը։

Թրամփը, Պուտինը և Սին քննարկել են Ուկրաինայի հարցը, սակայն նրանց «Հռչակագիր խաղաղության ճանապարհին» համատեղ հայտարարության մեջ Ուկրաինան չի հիշատակվում։

«Յալթայի ձևաչափը խաղաղություն չի բերի։ Յալթայում Եվրոպան բաժանեցին։ Այն մասնատեցին։ Եվ մենք թույլ չենք տա, որ նման բան կրկնվի», — հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Նա «կոալիցիայի» մասնակիցներից յուրաքանչյուրին Բեռլինի պատից մի կտոր է նվիրել՝ ակնարկելով, թե ինչի հանգեցրեց ազդեցության գոտիների բաժանումը 1945 թվականին։

Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիի, Պուտինի և Թրամփի հանդիպումը պատմական չի համարում․ «Չեմ կարծում, թե սա նշանակում է աշխարհակարգի վերաձևավորում, — ասել է նա։ — Եթե կա մեկ առանցքային իրադարձություն Եվրոպայի և նրա անվտանգության համակարգի վերաձևավորման համար, ապա դա այն հանդիպումն է, որն այսօր կայացավ Բեռլինում»։

Մակրոնն ընդգծել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները պետք է ընթանան հենց Ուկրաինայի, ինչպես նաև Եվրոպայի, ԱՄՆ և Ռուսաստանի մասնակցությամբ՝ նույն սեղանի շուրջ․ «Եվրոպացիները որոշել են իրենք տնօրինել իրենց ճակատագիրը։ Եվրոպան քննարկումների ճաշացանկում ընդգրկված կետ չէ, այլ տերությունների ամբողջություն, որոնք ցանկանում են կերտել սեփական ապագան»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բեռլինի հանդիպումը վկայում է եվրոպացի դաշնակիցների միջև պառակտում սերմանելու Ռուսաստանի փորձերի ձախողման մասին։

Բեռլին ժամանած ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները նույնպես Ռուսաստանին կոչ են արել թույլ տալ Եվրոպայի մասնակցությունը։

Եվրոպան արդեն ձևավորել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, ԵՄ կառույցների և ՆԱՏՕ յոթ ներկայացուցիչներից բաղկացած համատեղ խումբ՝ բանակցությունների հաջորդ փուլին հնարավոր մասնակցության համար։

Share.