Չինաստանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին հասցված հարվածները, որոնց հետևանքով կամուրջն այս շաբաթ մասամբ ավերվել է։

Պուտինի պնդմամբ՝ իր հրահանգով «արդեն շատ վաղուց» դադարեցվել էր Ղրիմի կամրջով ռազմական տեխնիկայի և զինամթերքի փոխադրումը։ «Նույնիսկ նավթ և նավթամթերք չէին տեղափոխում Ղրիմի կամրջով», — հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ռուսաստանը բռնակցված Ղրիմի հետ կապող կամուրջը նա անվանել է բացառապես քաղաքացիական օբյեկտ։

Պուտինը հիշեցրել է ռուսական նավերին և այլ թիրախներին հասցված ուկրաինական հարվածների մասին, որոնց Ռուսաստանը պատասխանել է իր հարձակումներով։ «Մեր պատասխան գործողությունները շատ ավելի ցավոտ եղան», — ասել է նա։

Նրա խոսքով՝ ինքը «լսում է բոլոր կողմերից» նման հարվածները, այդ թվում՝ ծովում գտնվող նավերին և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հասցվող հարվածները դադարեցնելու պահանջներ։

«Անկեղծ ասած՝ ես այս հարցը քննարկել եմ [Ռուսաստանի] Անվտանգության խորհրդի գործընկերներիս հետ», — պնդել է Պուտինը։ Նրա խոսքով՝ ինքն այդպես է վարվել «էներգետիկ հրադադարի» հույսով։

«Ղրիմի կամրջին հասցված հարվածներից հետո չենք պայմանավորվի», — հայտարարել է Պուտինը։

«Պատասխանելու ենք այս հարվածներին։ Ուզում եմ, որ բոլորն իմանան այդ մասին, — հավելել է նա։ — Կարծում եմ՝ մեր պատասխան գործողությունները շատ ավելի ցավոտ կլինեն»։ «Իսկ կամուրջը մենք, իհարկե, կվերականգնենք», — հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ Ղրիմի կամրջի ավտոճանապարհային հատվածին «լուրջ վնաս է հասցվել»։ «Երկաթուղային հատվածը, կարծում եմ, արդեն վերականգնվել է։ Դա անելն այնքան էլ դժվար չէ», — պնդել է Պուտինը։

Share.