ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լրջորեն դիտարկում է 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու հնարավորությունը՝ միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

«Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լրջորեն մտածում է 2028 թվականին նախագահի պաշտոնում չառաջադրվելու մասին՝ անցած շաբաթ անցկացված միջանկյալ ընտրություններում կրած ձախողումից հետո»,- ասվում է հրապարակման մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Վենսի շուրջ մեկ տասնյակ դաշնակիցներ և խորհրդականներ հայտնել են, որ իր քաղաքական ապագայի վերաբերյալ նա դեռ վերջնական որոշում չի ընդունել։ Փոխնախագահին մտահոգում են Դոնալդ Թրամփի աջակիցների շարժման ներսում առկա տարաձայնությունները, Իրանի հետ հակամարտության հետևանքները և ընտանիքին ժամանակ հատկացնելու անհրաժեշտությունը։

Միևնույն ժամանակ, Վենսի՝ նախագահական մրցապայքարին մասնակցելու հնարավորությունը դեռ քննարկվում է։ Նրա դաշնակիցներից ոմանք համոզված են, որ նա, այնուամենայնիվ, կորոշի առաջադրվել, իսկ փոխնախագահն ինքը դեռ վերջնական որոշում ընդունելու ժամկետներ չի սահմանել։

ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2028 թվականի նոյեմբերի 7-ին։ Առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցությունների հավանական առաջատար թեկնածուների թվում առավել հաճախ նշվում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Դեմոկրատների հավանական թեկնածուների կարճ ցուցակում են նահանգապետներ Գևին Նյուսոմը և Ջոշ Շապիրոն։

Share.