Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի հարձակումը Գազայի հարավում՝ Խան Յունիս քաղաքում գտնվող «Նասեր» հիվանդանոցի վրա։ ԱԳՆ-ն հարձակումը որակել է միջազգային իրավունքի, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։ Հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել են բազմաթիվ պաղեստինցիներ, այդ թվում՝ բուժաշխատողներ։ Գերատեսչությունը նշել է, որ Իսրայելը, չնայած Գազայում հաստատված հրադադարին, շարունակում է ռազմական գործողությունները և հերթական անգամ ցույց տալիս, որ շահագրգռված չէ խաղաղության հաստատմամբ։
Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Պաղեստինի ժողովրդի պաշտպանության, խաղաղության և կայունության ապահովման համար։
Հարձակմանը անդրադարձել է նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը։ Նա հիվանդանոցի ռմբակոծությունը որակել է որպես «մարդկության դեմ ուղղված բարբարոսություն»։
Չելիքը նշել է, որ Իսրայելի իշխանությունները պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն իրենց կատարած հանցագործությունների համար։
Հիշեցնենք, որ Իսրայելի բանակը ռմբակոծել էր «Նասեր» հիվանդանոցի երկրորդ հարկը։ Հարձակման հետևանքով զոհվել էր 6 մարդ, այդ թվում՝ երեխա և բժիշկ, առնվազն 30-ը վիրավորվել էին։
