Ուկրաինայի իշխանությունները Պենտագոնից և SpaceX-ից պարզաբանումներ են պահանջել՝ կապված արբանյակային Starshield համակարգի աշխատանքի նոր սահմանափակումների հետ, որոնք, Կիևի պնդմամբ, խոչընդոտում են ռուսական անօդաչու թռչող սարքերի որսման գործողություններին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի հայտարարել է, որ պաշտպանության նախարարը և զինված ուժերի հրամանատարը իրեն զեկուցել են Starshield-ի աշխատանքի զգալի խափանումների մասին՝ ռազմաճակատի ամբողջ երկայնքով և Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում։

Նրա խոսքով՝ ուկրաինական զինվորականներն ուսումնասիրել են իրավիճակը և եկել այն եզրակացության, որ խոսքը պատահական խափանումների մասին չէ, այլ համակարգված արագության սահմանափակումների։ Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ։

Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը Axios-ին հայտնել է, որ սահմանափակումները շարունակվում են արդեն երեք օր։ Նրա խոսքով՝ առաջին օրը դրանք կազմել են 10%, երկրորդ օրը՝ 50%, իսկ երրորդ օրը սահմանափակումների պատճառով անօդաչուների բոլոր առաքելությունները ձախողվել են։

ԱՄՆ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Սիենիկն էլ նշել է, որ Starshield համակարգն անջատվում է, երբ անօդաչու թռչող սարքերը զարգացնում են ժամում ավելի քան 100 մղոն (մոտ 161 կմ/ժ) արագություն։

Միևնույն ժամանակ, SpaceX-ը հերքել է համակարգի աշխատանքի սահմանափակումների մասին տեղեկությունները։ Ընկերությունը Axios-ին հայտնել է․ «Սա կեղծ է։ Որևէ փոփոխություն չի եղել»։

Զելենսկու խոսքով՝ սահմանափակումներն սկսվել են Թրամփի բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի՝ Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից կարճ ժամանակ առաջ։

Նշենք, որ Ուկրաինան օգտագործում է SpaceX-ի երկու արբանյակային ծառայություն՝ Starlink-ը, որն ապահովում է կապը ռազմաճակատում և լոգիստիկ գործողություններում, և ռազմական ու պետական կառույցների համար նախատեսված Starshield-ը, որն օգտագործվում է հետախուզական անօդաչուների կառավարման և ռուսական հարվածային անօդաչուների որսման համար։

Share.