Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ղեկավար Ռիչարդ Նայթոնը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը հետ է մնում եվրոպացի դաշնակիցներից՝ Ռուսաստանից բխող աճող սպառնալիքին դիմակայելու հարցում։

Ըստ նրա, Մոսկվան գնալով ավելի պատրաստակամ է ռիսկի դիմելու, իսկ Եվրոպայում Ռուսաստանի ենթադրյալ գործողությունների մասշտաբներն այլևս թույլ չեն տալիս սահմանափակվել «հիբրիդային գործունեություն» հասկացությամբ։

«Սա ամենավտանգավոր ժամանակաշրջանն է, որ հիշում եմ իմ չափահաս կյանքի ընթացքում», — հայտարարել է Նայթոնը։

Նա նշել է, որ Ռուսաստանից և, ավելի լայն իմաստով, այլ պետություններից բխող սպառնալիքը շարունակում է աճել։

Զորահրամանատարի կարծիքով, Մեծ Բրիտանիան պետք է «հասնի եվրոպացի դաշնակիցներին», որոնք «ավելի լավ են գիտակցում ռիսկային գործողությունների դիմելու Կրեմլի պատրաստակամությունը»։

Նայթոնն ընդգծել է, որ խոսքը թիրախային սպանությունների, դիվերսիաների և կիբեռհարձակումների մասին է։

Նա նշել է, որ կան ապացույցներ, որ Ռուսաստանն առնչություն ունի Եվրոպայում և, որոշ չափով, հենց Մեծ Բրիտանիայում նման գործողությունների հետ։ Մոսկվան ավելի վաղ հերքել էր իր առնչությունը եվրոպական տարածքում հիբրիդային հարձակումներին։

Եվրոպական հատուկ ծառայությունները, մինչդեռ, հետաքննում են ավիաընկերություններին և լրատվական կազմակերպություններին ուղղված պայթյունների սպառնալիքների մի շարք դեպքեր։

Ինչպես Financial Times-ին հայտնել են հետախուզական գերատեսչությունների ներկայացուցիչները, մի քանի երկրներ համատեղ հետաքննություն են անցկացնում՝ պարզելու սպառնալիքների աղբյուրը։

Միևնույն ժամանակ, մեղավորների վերաբերյալ վերջնական եզրակացություններից դեռ հեռու են։ Հետախուզական հանրության որոշ ներկայացուցիչներ Ռուսաստանին համարում են ամենահավանական կազմակերպիչը։

Նայթոնը նաև հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները պետք է բնակչությանը բացատրեն ռուսաստանյան սպառնալիքի բնույթը և հիմնավորեն պաշտպանական ծախսերն ավելացնելու անհրաժեշտությունը։

Share.