Նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային երեկվա բանակցությունների ընթացքում շեշտը դրել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վրա: Այս մասին հայտնել են Կրեմլում, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն:

«Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Մոհսեն Ռեզային փոխանցել է Իրանի Գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նաև հանդիպման մասնակիցներն անդրադարձել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրին համապատասխան համագործակցության զարգացման հեռանկարներին։

Իր հերթին, Ռեզային պատմել է, որ Պուտինի հետ քննարկել է ռուսական գազի մատակարարումները և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման հարցը։

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատմել էր, որ Մոջթաբա Խամենեին կառավարությանը լիազորել է երկխոսության միջոցով կարգավորել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը։ Ռուսաստանն իր հերթին նույնպես աջակցություն էր առաջարկել ճգնաժամի կարգավորման գործում։

Սեպտեմբերի վերջին Իրանը ԱՄՆ-ին էր փոխանցել առաջարկներ, որոնք ներառում էին յոթ օրյա ծրագիր՝ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ՝ ծովային շրջափակման և արտահանման սահմանափակումների հանման դիմաց։ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը մերժել էր այն։

Երկուշաբթի օրը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ այդ ժամանակվանից ի վեր ծրագրի կատարման ենթադրյալ ժամկետը հաջողվել է կրճատել մինչև երկու օր, այժմ ամեն ինչ կախված է ամերիկյան կողմի պատասխանից։

Share.