Ըստ իրավիճակին ծանոթ երկու դիվանագետների՝ ամերիկացի պաշտոնյաները Մերձավոր Արևելքի մի շարք երկրների և տարածաշրջանային դաշնակիցներին նախազգուշացրել են հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման, ինչպես նաև Իրանի կողմից հնարավոր պատասխան քայլերի մասին։ Դրա մասին հայտնել է Associated Press-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցում, ընդգծել են դիվանագետները։ Սակայն նա բազմիցս հայտարարել է, որ դիտարկում է նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվելիք կարևորագույն ընտրությունների ավարտից հետո նոր ռազմական գործողություններ սկսելու հրաման տալու հնարավորությունը։
ԱՄՆ-ը տարածաշրջանային դաշնակիցներին նախազգուշացրել է, որ ռազմական գործողությունների նոր փուլը կարող է տևել մի քանի օր, սակայն վերջիններս պատրաստվում են ավելի երկարատև հակամարտության, հայտնել են դիվանագետները։
Ամերիկացի պաշտոնյաները նաև դաշնակիցներին կոչ են արել նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ հաշվի առնելով, որ Իրանի պատասխան գործողությունները կարող են ներառել էներգետիկ օբյեկտներին և այլ կարևոր ենթակառուցվածքներին հասցվող պատասխան հարվածներ։
