Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները չեն ներառում Եվրամիության մասնակցությունը հատկապես այն պատճառով, որ այն ներկայում պահպանում է «սադրիչ դիրքորոշում», որն ուղղված է հակամարտության երկարաձգմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Եռակողմ բանակցությունները չեն ներառում Եվրամիության մասնակցությունը։ Ավելին, մենք դեռևս տեղյակ չենք, որ Եվրամիությունը որևէ խաղաղ դիրքորոշում է որդեգրում։ Եվրամիությունը պահպանում է սադրիչ դիրքորոշում, որն ուղղված է պատերազմի հետագա սրմանը և երկարաձգմանը։ Մեզ նման մասնակիցներ պետք չեն», – ասել է Պեսկովը։
Այսպես է նա մեկնաբանել այն տեղեկությունները, որ Եվրահանձնաժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտը կարող է առաջարկվել որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների պատվիրակության ղեկավար։
«Եվ քիչ հավանական է, որ նրանք պետք լինեն նույն այդ ամերիկացիներին, որոնք, ընդհակառակը, փորձում են խաղաղություն հաստատել», – նշել է նա։
