Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ի երեկոյից ի վեր Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 16 բալիստիկ հրթիռ և ավելի քան 280 անօդաչու թռչող սարք։ Այս մասին նա գրառում է կատարել Telegram-ի իր ալիքում։
Տեղեկությունների համաձայն՝ հրթիռներից երկուսը, ինչպես նաև 255 անօդաչու թռչող սարք խոցվել են։
BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Կիևում զոհվել է մեկ կին, վիրավորվել է 15 մարդ, այդ թվում՝ հարվածի ենթարկված հանրակացարանի ուսանողներ և շտապօգնության երկու աշխատակից։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ մայրաքաղաքի վրա գիշերային հարձակման ժամանակ թիրախավորվել է Դնեպր գետի վրայով անցնող Հարավային կամուրջը։ Կամուրջը և մետրոյի ենթակառուցվածքը վնասվել են։
Զելենսկին Կիևի, այդ թվում՝ Հարավային կամրջի վրա գիշերային հարվածները որակել է որպես «լոգիստիկայի դեմ գործողության լուրջ սրացում»։
Առավոտյան Չեռնիգովի մարզի Մենսկա համայնքի գյուղերից մեկի բնակելի շենքին անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել է մի կին և 12-ամյա երեխա։ Ընդհանուր առմամբ, մարզում 6 մարդ է վիրավորվել։
Իսկ ռուսական կողմը հայտնել է, որ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի մարզում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել Սիմֆերոպոլից Մոսկվա մեկնող ավտոբուսը, որում գտնվող 31 անձանցից մեկը զոհվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ գիշերը խոցվել է 222 անօդաչու թռչող սարք Ռուսաստանի 12 շրջաններում, Ղրիմում և Սև ծովի երկնքում։
Բրյանսկի մարզի նահանգապետ Եգոր Կովալչուկի խոսքով՝ Բրյանսկում անօդաչու թռչող սարքի նետած պայթուցիկի պատճառով երկու մարդ է զոհվել։ Բացի այդ, ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վնասվել են երեք բնակելի շենք և 11 մեքենա, վիրավորվել է վեց մարդ։
