Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընտրություններից երկու օր առաջ նախազգուշացրել է «երկրորդ Հոլոքոստի» վտանգի մասին, եթե ընտրողները ընտրեն առաջնորդի, որն ի վիճակի չէ դիմակայել Իրանին։
X սոցիալական ցանցում հրապարակման մեջ նա կիսվել է նախազգուշացմամբ, որը վերագրվում է աջակողմյան քաղաքական մեկնաբան Յուվալ Բլումբերգին, ինչպես նաև արհեստական բանականության միջոցով ստեղծված՝ Թել Ավիվում միջուկային պայթյունի պատկերով։
«Իսրայելը կանգնած է իրական և շոշափելի գոյաբանական սպառնալիքի առաջ», — գրել է Նեթանյահուն։
Ըստ նրա, եթե Իրանը ստանա միջուկային զենք, մնացած բոլոր խնդիրները կկորցնեն իրենց նշանակությունը։
Իսրայելի վարչապետը Կատարի հետ ենթադրյալ կապերի շուրջ սկանդալը և ուլտրաօրթոդոքսների՝ զինվորական ծառայությունից խուսափելը անվանել է «հսկայական ծխածածկույթ», որը կոչված է ուշադրությունը շեղելու հիմնական սպառնալիքից։ «Եթե երկու ատոմային ռումբ ընկներ Իսրայելի կենտրոնական հատվածի վրա, այդ դեպքում ո՞ւմ կհետաքրքրեին այս բոլոր անիմաստ վեճերը», — ասվում է հրապարակման մեջ։
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իսրայելը սահմանափակ ժամանակ ունի Իրանի դեմ հակազդելու համար, քանի դեռ ԱՄՆ նախագահ է մնում Դոնալդ Թրամփը։ Նրա կարծիքով, ապագա սերունդները չեն ների ներկայիս ղեկավարներին, եթե երկիրը բաց թողնի այս պատմական հնարավորությունը։
Վերջին շրջանում Նեթանյահուի քննադատները նրան մեղադրում էին Իրանի հետ պատերազմը վերսկսելու ձգտման մեջ, որպեսզի ազդի քվեարկության արդյունքի վրա կամ հետաձգի հոկտեմբերի 27-ին նախատեսված ընտրությունները, գրում է The Times of Israel-ը։
Նա մերժել է այդ մեղադրանքները։ Միաժամանակ, ԶԼՄ-ների տվյալներով, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մինչև ընտրությունները Իրանին հարված հասցնելու օպերատիվ անհրաժեշտություն չի տեսնում։
