Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման հանդիպումը հնարավոր է։ Երեք կողմում էլ կա այնպիսի ըմբռնում, որ լավ կլիներ հանդիպել, և երեք կողմից էլ առկա է նման հիպոթետիկ պատրաստակամություն։ Հստակ սահմանված օրակարգ դեռևս չկա, այն դեռ պետք է լրամշակվի»,- ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական ծառայությանը՝ ի պատասխան առաջնորդների եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վաշինգտոնը կցանկանար խոսել միջուկային զինաթափման շուրջ, ինչը չի ցանկանում Պեկինը։ Պեսկովը կոչ է արել անհարկի չշահարկել «նոր Յալթայի» մասին խոսակցությունները, սակայն վստահություն է հայտնել, որ հնարավոր եռակողմ հանդիպումը կգրավի ողջ աշխարհի ուշադրությունը։
