Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այն, որ COP17 համաժողովը Երևանը հյուրընկալում է Ադրբեջանի հետ ավելի քան 30-ամյա հակամարտության ավարտից հետո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված քննարկման ընթացքում:
«Հակամարտության ներքին հետևանքը կենսաբազմազանության վրա մեզ համար տեսանելի է, դրան հետևեց էներգետիկ ճգնաժամը, որի հետևանքով հազարավոր հեկտարներ անտառներ հատվեցին Հայաստանի Հանրապետությունում, որսագողությունը, ըստ էության, Սևանում ձկնային պաշարների ոչնչացման եզրին հասնելը: Մեր տարածաշրջանի օրինակով կարող եմ ասել, որ սահմանների պաշտպանական և ամրաշինական կառույցների, ըստ էության, չպլանավորված և անվերահսկելի կառուցումը մեծ խնդիրներ է առաջացնում այդ թվում կենսաբազմազանության տեսակետից: Այնտեղ, որտեղ խանգարում են անտառները պաշտպանության տրամաբանությանը, այդ անտառները հատվում են, այնտեղ, որտեղ այլ բնական միջավայր է որոշակի խնդիրներ առաջացնում, այդ բնական միջավայրը փոխվում է: Հակամարտության գոտիներում սովորաբար լինում են ականապատ դաշտեր և բազմաթիվ կենդանիներ ուղղակի պայթում են այդ ականների վրա: Մի իքս պահի արձանագրում ենք, որ կենդանիների որոշակի տեսակներ, բնության որոշակի հատվածներ պարզապես ոչնչացվել են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ հակամարտությունները շատ դեպքերում բացառում են երկրների համագործակցությունը կենսաբազմազանության տրամաբանության մեջ և սրանով հասցված վնասներն էլ ավելի մեծ ազդեցություն են ստանում:
«Իհարկե, խաղաղությունն ու կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն, թե՛ ներքին, թե՛ անդրսահմանային իմաստներով: Խաղաղության հաստատման գործընթացում շրջակա միջավայրի հարցերը ներկա են, նաև Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վավերացումից հետո ավելի ընդարձակ անդրադարձ կլինի շրջակա միջավայրի հետ կապված հարցերին: Մենք այսօր արդեն իսկ քննարկում ենք, թե շրջակա միջավայրի որ ոլորտում է, որ կարող ենք համագործակցություն ունենալ: Մենք ունենք ընդհանուր գետեր, որոնք մի երկրի տարածքում սկսվում են, շարունակվում են մեկ այլ երկրի տարածքում: Կենսաբազմազանությունն այն է, որ միացնում է երկրները և այստեղ համագործակցելու շատ մեծ հնարավորություն և պոտենցիալ կա»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ Հայաստանի դիվանագիտական հարաբերություններ չունի նաև մյուս հարևանի՝ Թուրքիայի հետ, բայց ունի շրջակա միջավայրի ոլորտում գործակցության մեծ փորձ:
«Ունենք շատ դրական երկխոսություն և համոզված եմ, որ առաջիկայում այստեղ էլ պատմական փոփոխությունների կհասնենք: Ջրային ռեսուրսների կառավարման հարցում համագործակցության փորձ ունեն Հայաստանն ու Թուրքիան: Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են»,- ասաց Փաշինյանը:
