ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական դիզելային վառելիքը սկսել է մուտք գործել համաշխարհային շուկա, և դա կնպաստի էներգետիկ շուկայի կայունացմանը՝ չնայած ոչ ամբողջությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ներկայում հասանելի է դառնում բավականին մեծ քանակությամբ դիզելային վառելիք։ Այդ դիզելային վառելիքը սկսել է մուտք գործել համաշխարհային շուկաներ, և դա որոշակի դրական ազդեցություն կունենա նավթային շուկաների կայունացման վրա։ Թեև սա չի կարողանա ամբողջությամբ կայունացնել դրանք. այս հանգամանքն էլ պետք է հաշվի առնել», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հաղորդվում է, որ Պեսկովն այս հարցին պատասխանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի գործարքի համատեքստում։ Պեսկովին նաև հարցրել են, թե Կրեմլն ինչպես է գնահատում այդ պայմանավորվածության նկատմամբ միջազգային արձագանքը:
«Մենք նախկինի պես տեսնում ենք եվրոպական երկրների ապակառուցողական դիրքորոշումը։ Նրանք ոչ միայն չողջունեցին այս գործարքը, այլև բավականին կոշտ քննադատության ենթարկեցին այն, ինչպես նաև անձամբ (ԱՄՆ) նախագահ Թրամփին և ամերիկյան վարչակազմի նմանատիպ որոշումները», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նաև հրաժարվել է ասել, թե ԱՄՆ-ից բացի որ երկրներն են ցանկություն հայտնել ռուսական դիզվառելիք ձեռք բերել:
Նա նաև նշել է, որ էներգակիրների համաշխարհային շուկայում իրավիճակն այժմ լարված է, և դա կապված է, այդ թվում, ռուսական նավթի և նավթամթերքի արտահանման սահմանափակումների հետ:
