Բանգկոկում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովների շրջանակում մի շարք կարևոր հանդիպումներ ու քննարկումներ ունեցանք միջազգային գործընկերների հետ։
Խոսել ենք Հայաստանի տնտեսական զարգացումների, պետական ֆինանսների կառավարման, իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի մասին։
Ինձ համար հատկապես կարևոր էր պետական պարտքի կառավարման վերաբերյալ քննարկումը, որի ընթացքում այլ երկրների գործընկերներին ներկայացրի Հայաստանի փորձը։ Կարևոր է, որ այսօր մենք ոչ միայն ուսումնասիրում ենք այլ երկրների փորձը, այլև կիսվում մեր փորձով ու լուծումներով։
Մեր այցի կարևոր մասերից էին նաև ներդրողների հետ հանդիպումները, այդ թվում՝ J.P. Morgan-ի ներկայացուցիչների հետ։ Ներկայացրել ենք Հայաստանի տնտեսական զարգացումները, պետական պարտքի կառավարման քաղաքականությունը և պատասխանել ներդրողներին հետաքրքրող հարցերին։ Այս շարունակական աշխատանքի արդյունքներից մեկն այն է, որ Հայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15 տոկոսի։
Քննարկումների մյուս կարևոր թեման կլիմայական ֆինանսավորումն էր։ Գործընկերներին հրավիրեցի Հայաստան՝ մասնակցելու #COP17-ին և շարունակելու համագործակցությունը կլիմայական ու բնապահպանական առաջնահերթությունների շուրջ։
Այս հանդիպումները կարևոր են Հայաստանի նկատմամբ միջազգային վստահությունն ամրապնդելու, մեր փորձը ներկայացնելու և հետագա համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու համար։
