Ստամբուլում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 4-ի։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ևս 5 մարդ անհետ կորած է համարվում: Կա 7 հոսպիտալացված:
Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը հայտարարել է, որ քաղաքում վերջին 84 տարվա ընթացքում ամենաուժեղ անձրևներն են գրանցվել։ Որոշ շրջաններում տեղացել է ավելի քան 260 մմ անձրև։ Իշխանությունների տվյալներով՝ գրանցվել է ջրհեղեղի 1277 դեպք, ինչպես նաև 15 սողանք և ջրի տակ մնացած մարդկանց 47 դեպք։
Հորդառատ անձրևները ողողել են տներ, բիզնեսներ, ճանապարհներ և ստորգետնյա անցումներ։ Որոշ շրջաններում խափանվել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը։ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փրկարարները տարհանել են ջրհեղեղի գոտիներում մնացած ավելի քան 2700 մարդու։
