Ռուսաստանը չի պատրաստվում վերանայել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը։ Դրա մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գեորգի Բորիսենկոն RTVI-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Սիրիայի նոր իշխանությունները շարունակո՞ւմ են պահանջել նրա արտահանձնումը։
«Մեր սիրիացի գործընկերները լավ գիտեն, որ Ռուսաստանը Բաշար Ասադին քաղաքական ապաստան է տրամադրել մարդասիրական նկատառումներից ելնելով։ Եվ ներկայիս իշխանությունները Դամասկոսում հասկանում են, որ այս ռուսական որոշումն անսասան է»,- ասել է Բորիսենկոն։
Դիվանագետի գնահատմամբ՝ Մոսկվայի հարաբերությունները Սիրիայի նոր ղեկավարության հետ բավականին դրական են զարգանում։ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան երկու անգամ այցելել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ 2025 թվականի հոկտեմբերին և 2026 թվականի հունվարին։ Մոսկվայում նաև հանդիպումներ են անցկացվել Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ասաադ Շիբանիի հետ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բազմիցս շփվել է նրա հետ միջազգային հարթակներում, ներառյալ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Բորիսենկոն նշել է, որ երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է, մինչդեռ տնտեսական համագործակցությունը դեռ հետ է մնում։ Մոսկվայում հույս ունեն, որ Սիրիայի տնտեսության վիճակի գնահատումն ավարտելուց հետո նոր ղեկավարության կողմից երկկողմ տնտեսական կապերը ևս կսկսեն ամրապնդվել։
Ասադի ընտանիքը ապաստան է ստացել Ռուսաստանում այն իրադարձություններից հետո, երբ 2024 թվականի դեկտեմբերին զինված ընդդիմությունը գրավել էր Դամասկոսը և տապալել նախկին կառավարությունը։ Բաշար Ասադը ղեկավարել է Սիրիան 2000 թվականից։ 2025 թվականի հոկտեմբերին Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ նախկին նախագահը և նրա ընտանիքը գտնվում են Ռուսաստանում մարդասիրական պատճառներով։
