Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի

Գերմանիայի Նյուրնբերգի օդանավակայանում թռիչքների դադարեցման պատճառը ինքնաթիռի հնարավոր առևանգման մասին հաղորդումն էր․ անձնակազմը փոխանցել էր 7500 ծածկագիրը, որը նշանակում է օդանավի առևանգում, ինչից հետո օդաչուն դադարել էր ռադիոկապով կապ հաստատել, հաղորդում են Բավարիայի ոստիկանության մամուլի ծառայությունից։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հայտարարվել էր տագնապ, և գործի էին դրվել համապատասխան ծառայությունները։

Ավելի ուշ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Նյուրնբերգում։ Ոստիկանությունը հաստատել է, որ օդում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի մասին հաղորդում է ստացել, սակայն տեղի ունեցածի պատճառները դեռևս չեն հաստատվել։

Օդանավակայանի վարչակազմը հայտնել է թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին՝ ավիացիոն արտակարգ իրավիճակի պատճառով։ Այնտեղ լրացուցիչ մանրամասներ չեն ներկայացրել՝ խոստանալով ավելի ուշ նոր տեղեկություն հայտնել։

Գերմանական Bild պարբերականը ևս հայտնել է, որ օդանավակայանում օդային երթևեկությունը կարող էր խափանված լինել դեռ գիշերը՝ ենթադրյալ անօդաչու թռչող սարքի հայտնվելու պատճառով։ Պարբերականի տվյալներով՝ երեք օդաչու միմյանցից անկախ, թռիչքի կամ վայրէջքի ընթացքում հայտնել են նկատված օբյեկտի մասին։

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք ենթադրյալ անօդաչու թռչող սարքը կապված է 7500 ծածկագրի փոխանցման միջադեպի հետ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Share.